Ղարաբաղյան հակամարտության գոտում հայկական կողմը երբեք հրադադարի խախտում չի նախաձեռնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա կտրականապես ժխտեց որոշ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտման մասին հերթական սուտ տեղեկությունը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ սա իրականում Ադրբեջանի կողմից սեւ PR-ի արշավ է: «Բնականաբար, սա մեր ոճը չէ, մենք երբեք չենք խախտում հրադադարի ռեժիմը. մեր կողմից խախտումները, եթե դրանք խախտումներ են, միայն ադրբեջանական կողմի կրակոցների պատասխաններ են: Այսինքն, եթե նրանք կրակում են, մենք պատասխանում ենք», - ընդգծեց նա: Դավիթ Բաբայանը հավելեց, որ Ադրբեջանական կողմն այս անգամ պարզապես ստում է՝ փորձելով սեփական կրակոցների ողջ մեղքը գցել հայկական կողմի վրա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երեւան: Համանախագահներից այցին չի մասնակցի ամերիկացի ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքը: Միջնորդները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: