Հիմա բոլորն սկսել են իրար դեմ պայքարել, այլ ոչ թե իշխանության, արդեն մոռացվել է, թե ինչի համար է սկսվել այս ամեն ինչը, հիմա իրար դեմ են պայքարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Բաժանվել են երկու բանակի ու պայքարում են իրար դեմ, դա նրանից է, որ եռյակը նորմալ, հասկանալի օրակարգ չունի, թե հստակ ինչ է ուզում, այսինքն դա ինչ է՝ երկար պայքարով իշխանափոխություն է, հեղափոխական իշխանափոխություն, սահմանադրական բարեփոխումների դեմ պայքար, ոչ ոք չի հասկանում, թե իրենք ինչ են ուզում: Բացի նրանից, որ գիտենք եռյակ կա, որը պայքար է ուզում տանել, մինչեւ հիմա հստակ չէ պահանջը որն է եւ ինչ ձեւով է անելու»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ միգուցե հոկտեմբերի 24-ի հանրահավաքին հստակեցվի ամեն ինչ:
Արամ Կարապետյանը շեշտեց, որ եթե Հայաստանը ցանկություն ունի առաջ շարժվելու, ինչում ինքը համոզված է, պետք է երեք նախագահների, եռյակի սարդոստայնից դուրս գա, եթե դուրս չգա, միշտ այդ վիճակների մեջ է ստիպված կանգնելու:
«Նոր ժամանակների» ղեկավարն ասաց, որ «Ժառանգությունը» ոչ մի հարցում իր դիրքորոշմամբ չի համընկնում մյուս երկու ուժերի հետ, ինքը ԵՏՄ-ին դեմ է, արեւմտյան կողմնորոշման կրող է, կողմ է Ղարաբաղի անկախությանը:
«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջ ասում էր, որ պետք է Գագիկ Ծառուկյանին դատել, հիմա իրար հետ համագործակցում են: Բոլորիս համար պարզ է, չեմ ուզում անարդար լինել ժողովրդիս նկատմամբ, հիմա քաղաքականությունում գաղափաները չեն որոշում, էնքան են բերել «պրագմատիկ դաշտ», որ բարոյականության հիմքերը ամբողջությամբ խարխլվել են: Այդ դեպքում ինչո՞ւ են վատ զգում, երբ այդ բարոյականության հիմքերը խարխլված իրավիճակում շատերը իրենց անողոք քննադատում են: Իրենք են բարոյականության հիմքերը ամբողջությամբ խարխլել, հիմա էլ ով բարձրանում է, իրենց է հայհոյում, ի՞նչ են ուզում, էդ ցինիզմը իրենք են մտցրել, հիմա էլ ցինիկաբար իրենց պատասխանում են»-ասաց Արամ Կարապետյանը:




























