ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Օմբուդսմեն) Կարեն Անդրեասյանին, ով հանդես է եկել ընկերության աշխատակիցների համար նախատեսված հանդիպում-դասախոսությամբ՝ «Մարդու իրավունքները գործարարության ոլորտում» թեմայով: Հանդիպման նպատակը ընկերության ու նրա շահառուների՝  ներառյալ աշխատակիցների, հաճախորդների, մատակարարների եւ հասարակության առավել լայն շերտերի միջեւ հարաբերությունների, ինչպես նաեւ  մարդու իրավունքների մասին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակազմի իրազեկվածության մակարդակը բարձրացնելն էր:

Դասախոսություն ընթացքում բանախոսը ներկայացրել է գործարար ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու, կատարված խախտումներից պաշտպանելու` պետության պարտավորությունները: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքները հարգելու` ընկերությունների պարտականություններին, ինչպես նաեւ իրավունքների պաշտպանության եւ ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված արդյունավետ միջոցների ու մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությանը:

Առեւտրային կազմակերպությունները պետք է գիտակցեն մարդու իրավունքների ոլորտում խախտումներ թույլ տալու վտանգներն ու մարտահրավերները, իրենց գործողությունները գնահատեն մարդու իրավունքները պաշտպանելու տեսանկյունից եւ պարբերաբար վերահսկեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի հետ իրենց փոխհարաբերությունները:  Մարդու իրավունքների խախտման առումով ամենախոցելի ոլորտները ներառում են սպառողների, հավասար աշխատանքի, խտրականության, սոցիալական անվտանգությանը վերաբերող, ինչպես նաեւ խոսքի ազատության եւ ազատ արտահայտման իրավունքները:

ISO 26000 ուղեցույցի հանձնարարականները իրականացնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած պարտավորությունները նաեւ ներառում են ISO 26000-ով սահմանված՝ մարդու իրավունքների եւ կորպորատիվ պատասխանատվության սկզբունքները կազմակերպության ներսում ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն ու դրանց կիրառումը ընկերության գործառնություններում:

Շահառուների ներգրավումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով եւ հիմք ընդունելով  ISO 26000-ի ուղեցույցները եւ մարդու իրավունքները՝ ընկերությունը  ստեղծել է ինքնակարգավորման ներքին մեխանիզմներ: Այդ մեխանիզմների նպատակն է ապահովել բիզնես-գործընթացների այնպիսի վերահսկողություն, որպեսզի այդ գործընթացները եւ դրանց վերջնական արդյունքները չվնասեն կամ չհակասեն հասարակության շահերին, ավելին՝ ընդունելի լինեն հասարակության համար եւ հաշվի առնեն թե՛ ամբողջ հասարակության, եւ թե՛ հասարակության առանձին խմբերի կարիքները: Հասարակության վերաբերմունքի, ընկալումների եւ ակնկալիքների շարունակական ուսումնասիրության միջոցով՝ վերահսկողական այս մեխանիզմներն օգնում են բացահայտել հնարավոր հակասությունները մի կողմից՝ հասարակության ակնկալիքների ու հետաքրքրությունների, եւ մյուս կողմից՝ ընկերության քայլերի ու ծրագրերի միջեւ:

«Օրենքի հանդեպ հարգանքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առաջին իսկ օրվանից եղել է հիմնարար արժեք: Ընկերությունը մշտապես առաջնորդվել է այդ սկզբունքով, ինչը նաեւ ընկերության բարձր հեղինակության հիմնասյուներից է: Օրենքով առաջնորդվելը, առաջին հերթին, բխում է հաճախորդների եւ ընդհանուր առմամբ՝ հասարակության հանդեպ հարգալից վերաբերմունք դրսեւորելու հրամայականից: Միեւնույն ժամանակ՝ մենք բարձր ենք գնահատում ISO 26000 ուղեցույցներով նախատեսված՝ մարդու իրավունքների պաշտպանությունը,   դրական փոփոխությունների շարունակական իրականացումը, եւ այս ճանապարհից որեւիցե շեղում մեզ համար անընդունելի է, - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: