Տրանսպորտային միջոցների թվի ավելացմամբ ճանապարհային կամայականությունը Երեւանում սկսում է աղետալի չափերի հասնել: Նման տեմպերով Հայաստանի մայրաքաղաքը սպառնում է հասնել եւ շրջանցել աշխարհի շատ ավելի խոշոր քաղաքներին:

Սակայն խնդիրը միայն ավտոմեքենաների՝ քաղաքի հնարավորությունները գերազանցող քանակի, անփույթ վարորդների կամ անհոգ հետիոտնի մեջ չէ:

Փողոցային քաոսում պարբերաբար որոշակի «ներդրում» են ունենում ճանապարհային աշխատողները: Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ նման աշխատանքներն արվում են գիշերը եւ սեղմ ժամկետներում, մեզ մոտ ամեն ինչ լայնածավալ տեսք է ընդունում: Երկու ամիս շարունակ աշխատողներն անշտապ փորում են ասֆալտը, հետո փողոցը փակվում է՝ ճանապարհային երթեւեկության նոր ցնցումներ առաջացնելով: Աշխատանքների ավարտից հետո հանկարծ պարզվում է, որ ինչ-որ բան չի արվել, եւ երկրորդ մասի կարիք կա:

Հետո ավելի հետաքրքիր է դառնում: Ասֆալտապատված նոր մակերեսի վրա ոչ ոք չի շտապում ճանապարհային գծանշումներ կատարել: Շաբաթներ, եթե ոչ ամիսներ շարունակ, ճանապարհներին կամայականություն է տիրում: Բաժանարար գծի ի՞նչ խախտման մասին կարող է խոսք լինել, եթե այդ գիծը գոյություն չունի: Նման իրավիճակ է տիրում նաեւ հետիոտնի անցումների դեպքում: Լավ է, եթե լուսակիր կա: Ծայրահեղ դեպքում՝ կարելի է լկտիաբար անցնող վարորդին ցույց տալ հետիոտնի կանաչ լույսը եւ քունքի մոտ պտտեցնել մատը: Բայց քիչ չեն նաեւ անցումները, որտեղ ո՛չ լուսակիր, ո՛չ էլ զգուշացնող դեղին ազդանշան կա:

Տպավորություն է, որ Ճանապարհային ոստիկանությունը, տեսախցիկներ եւ արագաչափեր տեղադրելով, այդ սարքերի վրա է թողել փողոցներում տեղի ունեցող ամեն ինչի պատասխանատվությունը: Արդյունքում ստացվում է, որ տեսախցիկների կողքով վարորդները սովորաբար անցնում են օրինավոր կերպով, լավ է՝ «վտանգի» մասին նախազգուշացումներ կան, իսկ հսկողության գոտուց դուրս ամեն մեկն ընթանում է՝ ինչպես ցանկանում է: Առավել եւս, որ վարորդական իրավունք գնելու պրակտիկան հանգեցրել է վարորդների համատարած անգրագիտության, այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցների տերերի զգալի մասը զրկված է տարրական տրամաբանությունից եւ քաղաքավարություն չի սովորել:

Կանխատեսում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունում կշտապեն վիրավորվել: Բայց մինչ վիրավորվելը, խորհուրդ կտանք ժամանակ հատկացնել եւ անձամբ հետեւել ծանրաբեռնված ժամերին տեսախցիկներ չունեցող խաչմերուկներում կատարվողին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am