«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալների պաշտպանները ձեռք են բերել դեպքի օրվա վերաբերյալ տեսաերիզ, որով կապացուցվի ամբաստանյալների անմեղությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, գործով դատական նիստին հայտարարեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ միջնորդելով վերսկսել դատաքննությունը եւ հետազոտել տեսաերիզը:

«Տեսաերիզը, որը ձեռք ենք բերել դատաքննության ավարտից հետո, հնարավորություն չենք ունեցել ներկայացնելու: Այն դիտելուց ամեն ինչ պարզ կդառնա, տեսաերիզը կարող եմ դատարանում հրապարակել»,-ասաց Ինեսա Պետրոսյանը եւ հավելեց,- «Ես ցանկանում եմ նաեւ դատարանին ներկայացնել 10 հազար քաղաքացիների ստորագրությունները, որոնք պահանջում են դադարեցնել Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդումը ու ազատ արձակել նրանց»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը  մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ փաստաբանը չի մասնավորեցրել, թե տեսաերիզը կոնկրետ երբ է նկարահանվել:

Ինեսա Պետրոսանը տեղեկացրեց, որ տեսաերիզը վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որում նա հայտնել էր, որ Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել հանցագործություն։

«Մեզ համար պարզ դարձավ, որ նախագահը գործի վերաբերյալ ինչ-որ հանգամանքների է տեղյակ: Մենք ցանկանում ենք, որ տեսաերիզը զննվի, այնուհետեւ մենք մեր հետագա միջնորդությունները կանենք»,-ասաց պաշտպանը, որից հետո դատավորը պաշտպանին թույլ տվեց տեսաերիզը  կրիչի տեսքով ներկայացնել դատարանին:

Ինեսա Պետրոսյանը միջնորդեց դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ նախագահին հայտնի են այնպիսի հանգամանքներ, որոնք նա պետք է դատարանում հայտնի:

Պաշտպանի միջնորդությանը միացավ նաեւ Տիգրան Պետրոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը. «Ես չգիտեմ՝ նախագահը դեպքի օրը տեղանքում է եղել, թե ոչ: Գոյություն ունի նաեւ անմեղության կանխավարկած: Իմ կարծիքով՝ նախագահի գործողություններում առկա են պաշտոնեական դիրքի չարաշահումներ: Նա համոզմունք հայտնեց, որ մեր պաշտպանյալները կատարել են հանցագործություն՝ խուլիգանություն»,- հայտարարեց Արա Զաքարյնաը:

ՀՀ նախագահին դատարան հրավիրելու միջնորդությանը միացավ նաեւ Շանթ Հարությունյանը.

«Երբ Սերժ Սարգսյնաը որոշում կայացրեց, որ պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունը, ես հոդվածաշար գրեցի, հիմնավորեցի, որ նման արարքը դավաճանություն է: Երբ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում Աբդուլլահ Գյուլին հանդիպեց, նա հարցրեց՝ կա՞ Հայաստանում մեկը, որ կարող է խանգարել հայ-թուրքական արձանագրություններին: Ինքն ասել է՝ ես Ձեզ ասում եմ, որ Շանթն իրենից ոչինչ չի ներկայացնում, կարող եմ հանձնարարել մեկին, որ նրան ոչնչացնի, ինքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ: Այս ձայնագրությունը ունեն գերտերությունների հատուկ ծառայությունները: Թող գա ասի՝ ինքը Գյուլին խոստացե՞լ է նման բան»:

Դատավորը մերժեց միջնորդությունը՝ հիմնավորելով, որ քրեական գործում չեն կարող ապացույց հանդիսանալ պաշտոնական անձանց հայտարարությունները :

«Ստացվում ա՝ նախագահի ասածն ասնավանի չի՞»,-արձագանքեց ամբաստանյալ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը::

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am