Հայաստանի կառավարությունը դիտմամբ չի ձգտում պարզել աղքատության մակարդակը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողներին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Նա նկատեց, որ եթե կառավարությունը նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկման կարգ սահմանի, ապա պարզ կդառնա, որ բնակչության մեծ մասի եկամուտները դրան չեն համապատասխանում: «Ուստի պարզ կդառնա, որ պետության կողմից սահմանվող նվազագույն աշխատավարձը չի ապահովում կենսանվազագույնը», - ընդգծեց Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ դեռ 2004թ. «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» օրենք էր ընդունվել, ըստ որի՝ դրա բաղադրիչները պետք է սահմանվեին այլ օրենքով, իսկ առաջին երեք տարիներին՝ կառավարության որոշումներով: Ոչ այս, եւ ոչ էլ մյուս իրավական ակտերը հետագայում չեն ընդունվել: