«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող գործով դատական նիստին միջնորդեց որպես վկա դատարան կանչել ու հարցաքննել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին:
«Ռուսաստանի դեսպանը դատերն սկսելու նախօրյակին հայտարարություն արեց, որ բոլոր ՀԿ-ները, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում, պետք է ոչնչացվեն: Այդ խոսքն ուղղված էր անձերին: Հենց մեր գործունեությունն էլ դրանց դեմ է: Դեսպանն ակնհայտ դարձրեց, որ մեր բողոքի պատճառը Ռուսաստանի ճնշումներն են: Ինքը օտարերկրացի է, բայց միջամտել է Հայաստանում դատավարական գործին: Դրա նախօրյակին նրա հայտարարությունը լրացուցիչ հրահանգ է եղել Սերժին: Թող գա, բացատրություն տա՝ որ ասում էր, որ պետք է սեպ խրողները ոչնչացվեն, մեր մասին էր ասում, թե չէ: Ես սաղ կյանքս սեպ եմ խրել»,-իր ռեպլիկում ասաց Շանթ Հարությունյանը:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ իր ռեպլիկում անդրադարձավ դատախազի այն խոսքին, որ ամբաստանյալները ցանկացել են հեղափոխություն անել, քանի որ պայթուցիկ նյութեր են ունեցել իրենց մոտ:
«Իմ մոտ պահպանակ էլ կար, բռնաբարություն էի՞ անում, դրա համար էլ դատեք: Էս բոլոր ռամկեքից դուրս ա»,-կատակեց ամբաստանայլը:
«Մեր կառավարությունն արդեն հղիացել ա հակապետականությամբ, հակամարդկայնությամբ: Երբ ինքն արդեն հղիացել ա, իրան ոչ մի բան չի փրկի, բացի արհեսատական ընդհատումից»,- հայտաարրեց ամբաստանյալ Սեւակ Մնացականյանը:
Ամբաստանյալ Վահե Մկրտչյանն էլ նշեց, որ ինքը դուրս է եկել հեղափոխության, քանի որ ուրիշ ճանապարհ չի տեսել:
«Ասելու շատ բան կա, ջղայնությունս եւ հերսս էնքան շատ ա էս սիստեմի վրա, որ մենակ ճառով չեմ բավարարվում: Ես զարմանում եմ՝ ընդդիմությունը ոնց ա վեր կենում, դեմագոգ ճառով բավարարվում ու գնում տուն: Ես դուրս եմ եկել, որովհետեւ անկախությունից ի վեր Մոսկվան բոլոր լծակները պահել է իր ձեռքը: Բոլորը վախի մթնոլորտի տակ կատարել են Մոսկվայի հրամանները»,- ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ դատախազը նույնպես այդ հրամանները կատարողներից է:
Ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանը հայ տղամարդկանց հորդորեց մտածել իրենց երեխաներին ոչ թե անշարժ կամ շարժական գույքով ապահովելու, այլ լավ հայրենիք թողնելու մասին:
Ամբաստանյալ Միսակ Առաքելյանն էլ հայտարարեց, որ իրենք «15 հոգով փայտիկով ու պայթուցիկով հեղափոխություն չէին կարող անել», իրենք ազատություն էին ուզում:




























