Ժամանակն է, որ քաղաքական ուժերը լուրջ հետեւեն սահմանադրական փոփոխությունների փաստաթղթին, եւ եթե կան թերություններ, ասեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից սահմանափրական փոփոխությունների դեմ ուղղված հայտարարություններին:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր նման պնդում անող պետք է կարողանա Հայեցակարգի մեջ հայտնաբերել համապատասխան հատված, որը նման մտահոգության տեղիք է տալիս»,-ասել է նա:
Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե միայն հիմարը կարող է պնդել, որ սահմանադրական բարեփոխումներն արվում են ի շահ ժողովրդի, Դավիթ Հարությունյանն արձագանքել է. «Այն, որ ցանկացած լուրջ քննարկման ժամանակ դուք լսում եք ընդամենը գնահատական, ոչ թե բովանդակային քննադատություն, դա խոսում է հենց այդ գնահատականի արժեքի մասին: Եթե դուք լսում եք նմանատիպ մեղադրանքներ, ապա այդ մեղադրանքները կարելի է հնչեցնել ցանկացած փաստաթղթի վերաբերյալ՝ անգամ ծանոթ չլինելով այդ փաստաթղթի բովանդակությանը: Կարծում եմ, իհարկե ցավով եմ նշում, որ ՀՀ առաջին նախագահը ոչ թե չի ծանոթացել այդ փաստաթղթին, այլեւ ինքը նման խնդիր չի դրել իր առջեւ եւ դրա համար հնչեցրել է նման գնահատական»:




























