Վանաձորում երիտասարդ աղջկա՝ իր կամքին հակառակ սեռական գործողություններ անելու հաղորդման հիման վրա երեկ՝ հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է Վանաձոր քաղաքի բնակչուհուց հոկտեմբերի 6-ին: Նա նշել է, թե համաքաղաքացի մի տղամարդ մեքենայի մեջ իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Նախապատրաստված նյութերով հոկտեմբերի 16-ին Քննչական կոմիտեի Լոռիի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 139-րդ հոդվածի 1-ին մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Գործի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորում 19-ամյա մի աղջիկ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե իրեն բռնաբարել են: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, աղջիկը հայտնել է, թե դեպքը եղել է հունիսին «Հայրենական պատերազմի զոհերի» հուշարձանի մոտակայքում: 26-ամյա երիտասարդը իր ավտոմեքենայում աղջկա կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:




























