«Ալագյազ» զորավարժարանում հոկտեմբերի 17-ին կայացել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ծրագրային զորավարժությունների եզրափակիչ փուլը, որոնք գլխավորում էր  հրամանատար Անդրեյ Ռուզինսկին:

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոտ 2 հազար զինծառայողներ 500 միավոր ռազմատեխնիկայով տարաբնույթ առաջադրանքներ են կատարել ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Ռոմանչուկի ընդհանուր հրամանատարությամբ:

Զորավարժությունների ընթացքում իրականացվել են հարձակողական, պաշտպանական գործողություններ, կատարվել են 30, 50 եւ 100 կմ երթեր դժվարանցանելի լեռնային տեղանքով՝ պայմանական թշնամու դեմ պայքարելուն զուգահեռ:

Զորավարժությունների ընթացքում օգտագործվել են ժամանակակից անօդաչու թռչող «Նավիդչիկ-2» համալիրներ:

ՀՀ-ում առաջին անգամ տեղի ունեցող զորավարժությունների ընթացքին հետեւել է համալիր հանձնաժողովը, որն էլ գնահատելու է  ռուսական զորամասի մարտական պատրաստվածությունը՝ արդյունքներն ամփոփելուց հետո:

Զորավարժություններում մասնակցության համար զինվորականների պարգեւը կլինի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալի դրական գնահատականը: