«Նոյեմբերի 5»-ի գործով դատաքննությունը, ըստ ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի, կմնա պատմության մեջ որպես ամենածիծաղելի գործը, եթե դատավորը արդար դատավճիռ չկայացնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, իր վերջին խոսքում հայտարարեց ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանը:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն էլ իր վերջին խոսքում դիմեց դատարանին՝ նշելով, որ նրա վճռից կախված է Հայաստանի քաղաքական ապագան:
«Որոշեք՝ ինքնուրույն վճիռ կայացնել, թե ենթարկվել քաղաքական պատվերի: Հասարակության գիտակցությունից պետք է ջնջել հազարամյակներով կուտակված վիրուսները: Ոնց որ սպարտացիները կորան, տենց էլ մենք կկորենք: Մեր ազգը ոչ մի բան չունի աշխարհին տալու, ոչ մի բան: Էս խորթ ա շատերի համար, թե ինչու ենք մենք դուրս եկել պայքարի, ինչու ենք մենք այստեղ նստած»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Ամբաստանյալ Միսակ Առաքելյանն իր վերջին խոսքում միայն ասաց, որ իր խոսքն ինքը գործով կասի: Սեւակ Մնացականյանն էլ նշեց, որ իրենք փորձել են մարդկանց ասել, որ քանի դեռ իրենք չեն պայքարում, իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստելու, իրենց ոչ ոք չի հարգելու:
«Մենք ճառ ասողներ չենք, ես ուզում եմ, որ մենք զանգ կախողներ լինենք: Ամենամեծ աղետը, որ մեր երկրում կա, վախն ա: Ոչ մի բանից պետք չի վախենալ: Գայլը սարի հետեւն ա»,-ասաց նա:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը նշեց, որ Նոյեմբերի 5-ին իրենք դուրս էին եկել արժեքների հեղափոխության:
«Ես հինգ երեխա ունեմ, թող իրանք առանց հեր մեծանան, բայց չեմ ների ինձ, որ նման երկրում են ապրում: Ինչքան ուզում եք, դատեք, պարոն դատավոր, ես մեկ ա չեմ փոխվելու: Շանթը ճիշտ ա ասում՝ ես անուղղելի դեբիլ եմ»,-ասաց Ալեք Պողոսյանը:
Ամբաստանյալ Հայկ Հարությունյանն իր վերջին խոսքում անդրադարձավ ոստիկանության գործողություններին, նշեց, որ նրանք ոչինչ չեն անում հանցագործությունները կանխելու համար. «Պետք ա մարդկանց աշխատանքով ապահովեն, նորմալ աշխատանք տան, որ մարդ չմտնի մեկի պադվալը, մի բան գողանա: Մեզ վախի մեջ են պահում, որ դուք ստրուկ եք, պիտի ենթարկվեք: Արդարադատություն ինչի՞ չեք իրականացնում, որ մենք ստիպված հելնում ենք փողոց»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։




























