Վանաձորցի 26-ամյա երիտասարդը վստահեցնում է, թե ինքը որեւէ սեռական գործողություն չի արել 19-ամյա աղջկա նկատմամբ եւ վերջինս իրեն «շառ է անում»: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն դիմած երիտասարդը:

Նա նշեց, որ այդ աղջիկը փորձել է իր մոտ աշխատել, բայց վատ աշխատող է եղել, «երբ ուզեր գար, երբ ուզեր, չգար, մեր մեջ կոնֆլիկտ կար գրանցել, չգրանցելու, իրենք նպաստ էին ստանում, չէին ուզում գրանցվել, մեզ պետք չէր չգրանցված աշխատող»: «Կոնֆլիկտները կամաց-կամաց շատացան, մենք իրար հետ սեռական բնույթի առնչություն չենք ունեցել: Ինքը եկել էր գործի սեպտեմբերի 29-ին, հեռացրեցի իրեն, իր մերն եկավ, թե բա չես ընդունելու իրեն գործի, ասի՝ չէ, բա թե լա՞վ ես մտածել, ասի՝ հա, ինքն էլ թե՝ տես քո գլխին ինչ եմ սարքելու: Ունենք փաստաբան, իրավանաբորեն լրիվ ապահովված ենք, գիտելիքներս տեղն է, նենց չի, որ բութ հարուստ ենք, մենք աշխատող, քրտնող մարդիկ ենք, սաղ քաղաքը դա լավ գիտի»,-ասաց երիտասարդը:

Նա պնդում է, որ որեւէ մեղավորություն չունի, ինչը կփաստեն նաեւ փորձաքննությունները, ինքն էլ ընտանիք եւ երեխաներ ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էև, որ ահազանգը ստացվել է Վանաձոր քաղաքի բնակչուհուց հոկտեմբերի 6-ին: Նա նշել է, թե համաքաղաքացի մի տղամարդ մեքենայի մեջ իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Նախապատրաստված նյութերով հոկտեմբերի 16-ին Քննչական կոմիտեի Լոռիի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 139-րդ հոդվածի 1-ին մասի (սեքսուալ բնույթի բռնի  գործողություններ) հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Գործի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան: