Բելառուսի մշակույթի նախարարության պատվիրակությունը, նախարար Բորիս Սվետլովի գլխավորությամբ` ս. թ. հոկտեմբերի 15-20-ը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
Այցի շրջանակում՝ ս. թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Բելառուսի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, նախարար Հ. Պողոսյանն անդրադարձել է հայ- բելառուսական մշակութային համագործակցությանը՝ փառատոների, մրցույթների մասնակցության, թատերական, կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, գրական-թարգմանական, ինչպես նաեւ համագործակցությանը միջազգային շրջանակներում: Կողմերը գոհունակությամբ են արձանագրել նախորդ տարիների համագործակցության արդյունքները եւ նախանշել առաջիկա անելիքները:
Այնուհետեւ, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջեւ 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Բորիս Սվետլովը:
Ծրագիրը բաղկացած է 12 հոդվածից եւ վերաբերում է մշակույթի, արվեստի բոլոր ոլորտներին: Ծրագրի համաձայն՝ կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն թատերարվեստի, երաժշտարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային եւ թանգարանային գործի, կերպարվեստի, ժամանակակից արվեստի բնագավառում համագործակցության զարգացման համար, կաջակցեն թատրոնների, երաժշտական, պարային խմբերի փոխադարձ հյուրախաղերի կազմակերպմանը, օպերայի եւ բալետի արտիստների ու թատերական ներկայացումների փոխանակմանը, երկու երկրներում անցկացվող միջազգային կինոփառատոներին:
Ըստ ծրագրի կողմերը կխրախուսեն իրենց երկրների գրադարանների միջեւ ուղիղ կապերի հաստատումը. կնպաստեն Բելառուսի ազգային գրադարանի եւ Հայաստանի ազգային գրադարանի մասնագետների միջեւ անմիջական համագործակցության զարգացմանը եւ փորձի փոխանակմանը: Միջոցներ կձեռնարկեն երկու երկրների թանգարանների հավաքածուներից ցուցահանդեսներ կազմակերպելու համար, կխրախուսեն եւ կնպաստեն Բելառուսի եւ Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների փոխանակմանը: Տեղեկատվություն կփոխանակեն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման եւ պրոպագանդման ոլորտում:
Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովի այցի ընթացքում Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը եւ «Չիստի Գոլոս» վոկալ համույթը, նույն օրը՝ ժամը 17:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի Բելառուսի ժամանակակից արվեստի կենտրոնի գրաֆիկայի լուսանկարչական ցուցահանդեսը: Հոկտեմբերի 18-ին ստեղծագործական պատվիրակությունը (Բելառուսի պարի պետական անսամբլը եւ «Չիստի Գոլոս» վոկալ համույթը) ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Այցի ընթացքում նախատեսվում է բելառուսական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», «Զվարթնոց» եւ «Գառնի» պատմա-մշակութային արգելոց թանգարաններ, ինչպես նաեւ Գեղարդի վանական համալիր եւ տեսարժան այլ վայրեր:




























