SOS Ամուլսար նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ բաց նամակ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին:

Նամակում ասված է.

Պարոն նախարար,

հոկտեբերի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի իրականացումը կմեկնարկի 2015 թ-ի սկզբին եւ ներկայացրեցիք կոնկրետ թվեր, ներդրումների ակնկալիքներ եւ այլն:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ ներկա պահին Ամուլսարի նախագծի փաստաթղթերի փաթեթը` ներառյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը /ՇՄԱԳ/, գտնվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացության տրամադրման գործընթացում, որը դեռ ավարտված չէ:

Ենթադրվում է, որ ողջ գործընթացը կրում է անկախ բնույթ, եւ որ Ամուլսարի նախագծին կարող է տրվել ոչ թե դրական, այլ բասացական եզրակացություն, օրինակ, եթե ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը նվազեցված են, չեն համապատասխանում իրականությանը, կամ առկա են սպառնալիքներ երկրի ռազմավարական շահերի համար: Հենց նմանատիպ ռիսկերի մասին նշված է հասարակայնության 9 ներկայացուցիչների բողոքներում, որոնք ուղարկվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակ: Այդ երկու ազդեցիկ միջազգային ֆինանսական ինստիտուտները Ամուլսարի նախագիծը  «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Lydian International» ընկերության հիմնական ներդրողներն են:

Այսպիսով, Ձեր հրապարակային հայտարարությունը մինչեւ բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացի ավարտը կասկածի տակ է դնում ինչպես Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ի ողջ գործընթացի իրավազորությունը եւ անկողմնակալությունը, այդպես էլ բնապահպանական փորձաքննության գնահատականը, ինչպիսին որ այն լինի:

SOS Ամուլսար նախաձեռնություն`

Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Լեւոն Գալստյան` Համահայկական բնապահպանական ճակատ

Սոնա Այվազյան` էկոլոգիական քաղաքականության գծով փորձագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն

Սիլվա Ադամյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ

Վազգեն Գալստյան` «Ջերմուկի զարգացման կենտրոն»

Թեհմինե Ենոքյան` «Լրագիր» տեղեկատվական կայքի լրագրող

Արթուր Գրիգորյան` «Էկոիրավունք» ՀԿ»:

Բաց նամակն ուղարկված է նաեւ EBRD-ի եւ IFC-ի Օմբուդսմենի գրասենյակներ: