«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործը դեռ դատարան չի ուղարկվել: ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նոր միջնորդություններ է ներկայացրել քննչական մարմնին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ միջնորդել է, որպեսզի կատարեն մի շարք քննչական գործողություններ, օրինակ՝  առերեսումներ որոշակի անձանց հետ, որոշակի անձանց հեռախոսհամարների վերծանումներ ստանան, քանի որ դրանց միջոցով էական հանգամանքներ կպարզվեն: Երեմ Սարգսյանը պահանջում է դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պաշտպանության հիմքով: Հավանաբար, միջնորդության պատասխանը կլինի մյուս շաբաթվա ընթացքում:

Նշենք, որ այս գործով 3 մեղադրյալ կա:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։