Հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը հետաձգվել է պատմական առարկաներին վերաբերող կանոնների պատճառով, այլ ոչ թե քաղաքական նկատառումներով: Ըստ «Los Angeles Times»-ի՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Ամերիկայի հայ համայնքի անդամները բարձր են գնահատել գորգը ցուցադրելու մասին որոշումը: «Թուրքիան չի ցանկանում, որ մարդիկ օգտագործեն «ցեղասպանություն» բառը, այդ պատճառով ԱՄՆ-ն չի գործածում այդ բառը: Մենք հույս ունենք, որ այս քայլը խորհրդանիշ է այն բանի, որ Սպիտակ տունը վերջապես ճիշտ կվարվի»,- հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Ես ուրախ եմ, որ առաջիկայում գորգը ցուցադրվելու է»,- ասել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով, որ ինքը հետագայում նույնպես պնդելու է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում, հատկապես՝ հաշվի առնելով հաջորդ տարի ողբերգության 100-րդ տարելիցը:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, տեղեկացրել էր. ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները փոխանցել էին, որ մի քանի ամիս տեւած ճնշումներից հետո Սպիտակ տունը որոշել է հայտարարել հայ որբերի գործած գորգը ցուցադրելու մասին:

Նշենք, որ Սպիտակ տունն ավելի ուշ հաստատեց տեղեկությունը, որ ցուցադրության կհանի Հայոց ցեղասպանության ժամանակների որբերի գործած գորգը: Հաղորդվում էր, որ գորգը ցուցադրվելու է Սպիտակ տան Այցելությունների սրահում անցկացվելիք ցուցահանդեսի շրջանակում, որը նախանշված է նոյեմբերի 18-23-ը:

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը պահպանվող հայ որբերի գործած գորգի՝ 2013 թվականի դեկտեմբերին նախանշված ցուցադրությունը չեղյալ էր հայտարարվել. հնարավոր է՝ Թուրքիայի բացասական արձագանքից վախենալու պատճառով: Որբերը գորգը գործել են 1920-ական թվականներին եւ պաշտոնապես մատուցել ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին 1925 թվականին: Այն Հայոց ցեղասպանության ժամանակ ամերիկյան օգնության համար երախտիքի նշան է: