Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն առաջին իսկ խորհրդակցության ժամանակ ցուցում էր տվել սեղմ ժամկետներում կազմել մեթոդական ուղեցույց՝ կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ ըստ սոցիալական խմբերի իրականացվող սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե հոկտեմբերի 17-ին քրեակատարողական վարչությունում անցկացված սեմիանար-խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վաղինակ Քոչարյանը քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց մեթոդական ուղեցույցը, որի նպատակն է աջակցել նշված ստորաբաժանումների աշխատակիցներին, խորացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, նպաստել դատապարտյալների հասարակություն վերինտեգրման եւ կրկնահանցագործության նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Սեմինար-խորհրդակցությանը մասնակցել եւ ելույթ են ունեցել նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը եւ ՀՀ հանրային խորհրդի անդամ, փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը:





























