«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի վերջին խոսքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեւեց մոտ երկու ժամ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարբերաբար ընդհատում էր ամբաստանյալին՝ հորդորելով խոսել միայն մեղադրանքից:
Մինչեւ իր խոսքը սկսելը Շանթ Հարությունյանը դատավորից պահանջեց, որ վերջին խոսքի հնարավորություն տան նաեւ իր որդուն՝ անչափահաս Շահեն Հարությունյանին: Շահեն Հարությունյանը հոր հորդորով արդեն ոտքի էր կանգնել եւ ուզում էր խոսել, երբ դատավորը նրան ընդհատեց եւ արգելե խոսել:
«Ես զարմանում եմ՝ ոնց կարաք անչափահասին զրկեք վերջին խոսքի իրավունքից»,-բարկացավ Շանթ Հարությունյանը:
Շանթ Հարությունյանը անդրադարձավ իրենց նախաձեռնած հեղափոխության դրդապատճառներին, նշեց, որ ինքը որոշել էր փողոց դուրս գալ դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելության օրը:
«Իրականում հեղափոխությունն իմ կողմից նախատեսված էր դեկտեմբեր 2-ին՝ Պուտինի Հայաստան գալու օրը: Որպես ռուսական իմպերիայի նախագահ պետք է գար Հայաստան՝ նսեմացնելու Հայաստանին, ցույց տալու, որ իրենք նվաճել են Հայաստանը: Պուտինը մեր ակցիայի արդյունքում գնաց Գյումրի, ինքը խուսափեց Երեւան գալուց: Բայց ես մենակ էի գնալու, մենակ շատ-շատ երկու հատ բենզինի շիշ շպրտեի նախագահականի վրա»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ իրենք դուրս եկան հեղափոխության, քանի որ իշխանությունները զավթել են ԿԳԲ գործակալները. «Ռուսների որոշումներով Ադրբեջանի ԿԳԲ-ն իր գործակալներին բերել է Հայաստան, որ Հայաստանը ոչնչացվի իշխանությունների ձեռքով: Մենք շատ ենք մտածել՝ ինչ տարբերակով կարող ենք երկիրը փրկել: Մեր արժանապատվությունը չէր թողնի թողնել հայրենիքը, գնալ»:
Շանթ Հարությունյանը անդրադարձավ Նոյեմբերի 5-ին իր 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին իր հետ երթի տանելուն` նշելով, որ դա արել է Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» վեպից ոգեշնչված:
«Գեւորգ Մարզպետունին մի քանի հոգով դուրս եկավ թշնամու դեմ, իր հետ վերցրեց նաեւ իր որդուն: Էն ժամանակ, որ կարդում էի՝ մտածում էի՝ ոնց Գեւորգ Մարզպետունին իր որդուն հետը տարավ: Շահենիկին հետս տանելու դրդապատճառը հենց Գեւորգ Մարզպետունու վեպն ա եղել: Ես էրեխուս ասում եմ՝ իմ տեսանկյունից էս լավ ա, էս վատ ա, կարգին մարդը սենց-սենց ա լինում, բայց որոշողը դու ես: Երբեք չմտածես՝ բա որ հորս խոսքը գետնով տամ»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Նա դատարանին հիշեցրեց, որ ոստիկաններն իրենք էլ ընդունել են, որ երթը խաղաղ է եղել:
«Ոստիկանությունը չասեց՝ Շանթը խմած հելել, եկել էր, մարդ էր ծեծում, բռնեցինք, տարանք: Ինքն ասել ա՝ Շանթը հինգ օր ա նստած էր ստեղ: Էնտեղ, որտեղ մարդ դատվում ա քաղաքական դրդապատճառներով, էդտեղ իշխանությունը մի բան սարքել ա: Իսկ եթե իշխանությունը ընդունում է, որ քաղաքական դրդապատճառ կա, արդարադատությունը պիտի կասկածի իշխանության օրինականության վրա»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Դատավորը պարբերաբար ընդհատում էր Շանթ Հարությունյանին՝ հորդորելով խոսել մեղադրանքից եւ «ըստ էության»:
«Մենակ ես եմ ըստ էության խոսում, մնացածը շառ են անում»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Դատավորը ի վերջո չսպաես, մինչեւ Շանթ Հարությունյանը ավարտի իր խոսքը, դատական նիստը հայտարարեց փակված՝ հնարավորություն չտալով ամբաստանյալներ Ալբերտ Մարգարյանին, Միսակ Առաքելյանին, Վահե Մկրտչյանին հանդես գալ վերջին խոսքով:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի այսօր:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։




























