Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման արդյունքում այդ երկիր մուտքի արգելանք ունեցող 30 հազար հայերից մոտ 250-ի նկատմամբ արգելանքը վերացվել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ այդ 30 հազար անձանցից իրենց դիմել է մոտ 2500 հոգի, որոնց վերաբերյալ համապատասխան գրություններ են ուղարկվել ՌԴ Միգրացիոն ծառայությունից: Ուղարկված գրություններից պատասխաններ են ստացել 1200 անձանց վերաբերյալ եւ նրանցից 250-ի դեպքում հարցը դրական լուծում է ստացել, մուտքի արգելանքը վերացվել է:

Գագիկ Եգանյանն ասաց, որ օրական բազմաթիվ քաղաքացիներ են իրենց դիմում, այդ նպատակով ինքը հատուկ բաժին եւ անձանց է առանձնացրել: Ովքեր դիմում են Միգրացիոն ծառայությանը, նրանց վերաբերյալ գրություններ ուղարկվում են ՌԴ: Գագիկ Եգանյանը տեղեկացրեց նաեւ, որ իր ռուս գործընկերոջ հետ այս խնդրի շուրջ զրուցել են, քննարկել են հնարավորինս դրական ելքով տեսակշռի մեծացում:

Դրական լուծմամը կնպաստի ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությանը, թե ոչ, Միգրացիոն գործակալության պետն ասաց, որ դա կապ չունի ԵՏՄ հետ: «ԵՏՄ-ն աշխատանքային միգրացիային է վերաբերելու, Ռուսաստանում շարունակելու է գործել նույն օրենսդրությունը եւ խախտումների դեպքում նույն պատիժները»,- ասաց նա: