Դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողի միջնորդությամբ հրավիրված դեպքի վայրի վկա ՃՈ երկու աշխատակիցները կեղծ ցուցմունք են տվել՝ ասելով, որ քննիչի հետ մասնակցել են դեպքի վայրի չափագրման գործողություններին։ Այս մասին հայտարարեց՝ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ գործին կցված՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկարահանած տեսանյութում երեւում է, որ Գեւորգ Մարտիրոսյանն ու Վոլոդյա Կարապետյանը դեպքի վայրում թեեւ կանգնած են, սակայն չափագրման գործողություններին չեն մասնակցել։

«Վկաներին հրավիրել էինք հարցաքննության, որ բացահայտեինք՝ արդյոք քննիչը պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, արդյոք նրանք մասնակցել են չափագրումներին։ Նրանք ասացին, որ չափագրումներն իրենք են արել, սակայն մենք ունենք Գագիկ Շամշյանի տեսագրությունը, որտեղ երեւում է, որ իրենք չեն կատարել, այլ քննիչն ու եւս մեկ ոստիկան, իսկ իրենք ուղղակի կանգնած են եղել, թե ինչի  նրանք փոխեցին իրականությունը, իմաստը չհասկացա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

ՃՈ աշխատակիցները նաեւ իրենց այսօրվա ցուցմունքում հաստատեցին, որ դեպքի վայրի զննությանը երկու ընթերակա է ներկա գտնվել, չափագրում է իրականացվել, եւ դրանից հետո վթարի ենթարկված մեքենաները  տեղափոխել են Նաիրիի ոստիկանության բաժին։

Վկաները նաեւ բացառեցին դեպքի վայրում որոշ հետքեր չարձանագրելու հավանականությունը։

Վկա Վոլոդյա Կարապետյանը, պատասխանելով  պաշտպանական կողմի հարցերին, ասաց, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը չի ընթերցել, բայց տեղյակ է դրա բովանդակությանը, քանի որ մասնակցել է ընդհանուր զննությանը։

Այսօր դատարանում վկայություն տվեց նաեւ դեպքի վայրի զննությանը որպես ընթերակա մասնակցած Գրիշա Գասպարյանը, որն իր կենսագրությանը վերաբերող հարցերին պատասխանելիս հպարտորեն նշեց, որ դատվածություն ունի։

 «Ամբաստանյալին տելեվիզրով եմ տեսել։Երեւանից գալիս էի Եղվարդ, տեսա՝ ավտոներ են հավաքված, քաշեցի, կանգնեցի, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, Խաչատրյան Երջոն մոտեցավ, ասեց՝ շտապ մի հատ ընթերակա է պետք, արի, կանգնի, հետո քեզ ոչ կկանչեն, ոչ էլ, ես էլ ընթերակա կանգնեցի»,-պատմեց Գրիշա Գասպարյանը։

Նա նույնպես նշեց, որ իրենից բացի եւս մեկ ընթերակա է գտնվել դեպքի վայրի զննությանը, որը, նրա խոսքով, մոտ 30 տարեկան էր, Զորական գյուղից։ Վարդան Պետրոսյանի պաշտպանի հարցին, թե քննիչներից որին է ճանաչում ընթերական, հաշվի առնելով նրա դատված լինելու հանգամանքը, Գրիշա Գասպարյանը վրդովվեց. «Գիտես ե՞րբ եմ դատվել, 80-ականներին, համ քննիչն է մեռել, համ դատավորը, համ էլ դատախազը»։

Ընթերական դատարանին հայտնեց, որ ինքն առանց կարդալու է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը, քանի որ լավ չի տեսնում։ Դատավորը նրան ամբիոնի մոտ հրավիրեց եւ խնդրեց ընթերցել արձանագրությունից մի հատված, որը ընթերական չկարողացավ ընթերցել։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ ընթերական տեղյակ չէ արձանագրության բովանդակությանը, ինչն օրենքի խախտում է։

Դատարան հրավիրված Գրիշա Գասպարյանը նաեւ հակասական ցուցմունք տվեց դեպքի վայրում իր գտնվելու ժամանակի վերաբերյալ։ Նա ասաց, որ 15-20 րոպե է մնացել այնտեղ, սակայն արձանագրության մեջ գրված էր, որ մեկ ժամ է մնացել։

Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ դեպքի վայրի զննություն կատարած քննիչն իր աշխատավայրում է արձանագրությունը կազմել, ինչն ապացուցվում է մի քանի փաստերով։

«Հարգելի դատավոր, դուք քնիչ եք աշխատել, գիտեք, որ ներկայացված արձանագրությունը գրասենյակում է կազմվել, քանոնով գծված է»,-ասաց փաստաբանը։

Այնուհետեւ պաշտպանական կողմը հարցեր տվեց ընթերակային, թե այդ օրը որ ժամին է գնացել տուն, արդյոք ոստիկանություն գնացել է, թե ոչ, ինչից ընթերական վիրավորվեց՝ ասելով. «Էս ի՞նչ հարցեր եք տալիս, կարո՞ղ է մի հատ էլ ասեք՝ կնկադ հետ երբ ես քնել»։

Նշենք, որ պաշտպանական կողմը ներգրավել էր եւս մեկ փաստաբանի՝ Սամվել Ջաղինյանին, որը նույնպես հարցեր ուղղեց վկաներին։

Տուժող  Հակոբյաններն այսօր  դատարան չէին եկել։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։