Իսլամական պետության ահաբեկիչները հերթական վիդեոհաղորդագրությունն են տեղադրել, որում բրիտանացի լրագրող Ջոն Քանթլին նախազգուշացնում է, որ Արեւմուտքը շարժվում է Պարսից ծոցում 3-րդ պատերազմի ուղղությամբ: Այդ մասին գրում է «The Independent»-ը:
Աղբյուրը նշում է, որ Ջոն Քանթլին ԻՊ պատանդն է մոտ 2 տարի: Նրա մասնակցությամբ տեսագրությունը, որը տեւում է 7.5 րոպե, չորրորդն է գրոհայինների հայտարարած ութ հաղորդագրություններից:
Բրիտանացի լրագրողը մեջբերում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, ով հայտարարել էր, որ գրոհայինների դեմ գործողությւնը «երկարաժամկետ նախագիծ» կլինի եւ «լայն միջազգային կոալիցիա» կպահանջի:
«Այդ ո՞ր պահից է Ամերիկան հոգ տանում մահմեդական երկրներում փոքրամասնությունների ճակատագրերի մասին»,- հարցնում է պատանդը: Ժամանակակից պատմությունը, նշում է բրիտանացի լրագրողը, լի է օրինակներով, երբ ճնշում են կրոնական փոքրամասնություններին, եւ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ մեկ ուրիշը ոչինչ չեն ձեռնարկում:
«Ասում են՝ հանրության հիշողությունը կարճ է, սակայն Աֆղանստանը լքելու վերաբերյալ գրավոր հրամանների վրա թանաքը դեռ չի չորացել, եւ այժմ մենք պատրաստվում ենք երրորդ պատերազմին Պարսից ծոցում»,- Քանթլիի վիդեոհաղորդագրությանը հատվածն է հաղորդում«Mirror»-ը:




























