Կոմիտաս 5 հասցեում իրականացված բողոքի ակցիա ժամանակ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը մի խումբ քաղաքացիների հետ մոտ 40 րոպե փակել է Կոմիտասի Գյուլբենկյան փողոցը, խոչընդոտել երթևեկությունը եւ «չարամտորեն» հրաժարվել կատարել ոստիկանի պահանջը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ վարչական դատարանում Կոմիտաս 5-ի գործով դատական նիստին հայտարարեց գործով վկա, Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի պահպանման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը:
«Նա մեզ համար խոչընդոտ էր ստեղծում, ֆիզիկապես խոչընդոտում էր մեր աշխատանքին, չէր թողնում գետնից բարձրացնել պառկած քաղաքացիներին: Նա չարամտորեն հրաժարվում էր կատարել՝ փողոցի բանուկ մասից դուրս գալու մեր խնդրանքները, հորդորները»,-հարցաքննության ժամանակ ասաց Կարեն Մովսիսյանը, որը դեպքի օրը ծառայություն է իրակացրել նշված վայրում:
Դատավոր Արծրուն Միրզոյանի հարցին, թե ինչ է նշանակում «չարամտորեն հրաժարվում էր», վկան պատասխանեց. «Ասում էր՝ Կարեն, դու վաբշե հեռու գնա»:
Դատավորի հարցին, թե արդյոք ճանաչում է Արգիշտի Կիվիրյանին, Կարեն Մովսիսյանը պատասխանեց. «Նրան ճանաչում եմ տարատեսակ բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցությունից, ու իմ ֆեյսբուքյան ընկերն է»:
Արգիշտի Կիվիրյանը արձագանքեց՝ ասելով որ վկան ակնհայտ «կեղծ ցուցմունք է տալիս, քանի որ իրենք ֆեյսբուքյան ընկերներ չեն»:
Կարեն Մովսիսյանը ամբողջ հարցաքննություն ընթացքում տալիս էր լղոզված պատասխաններ, որոշ հարցերի պատասխանում էր հումորով:
Երբ Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հարցերի միջոցով փորձում էր պարզել, թե արդյոք ոստիկանը պարզել է, թե ումից եւ ինչ էին պահանջում փողոցում հավաքված քաղաքացիները, Կարեն Մովսիսյանը «սրամտեց». «Աստծուն էին պահանջ ներկայացնում, ասում էին՝ Աստված, փրկիր մեզ»:
Պատասխանող կողմին այս պատասխանը դուր չեկավ:
«Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ վկան այստեղ եկել է, իրեն թվում է, թե եկել է քոմեդի քլաբ»,- արձագանքեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Կարեն Մովսիսյանի՝ դատարանին հայտնած տեղեկությունների եւ դեպքից հետո տված բացատրության մեջ ի հայտ եկան հակասություններ:
Վկան դատարանում հայտարարեց, որ դեպքի օրը չի կարողացել պարզել, թե ինչու են քաղաքացիները փակել փողոցը, չնայած որ «բոլոր հնարավոր միջոցներին դիմել է, խնդրել է բացատրել, թե ինչու են փակել փողոցը»:
Արգիշտի Կիվիրյանի մյուս փաստաբան Արամազդ Կիվիրյանը ընթերցեց Կարեն Մովսիսյանի՝ դեպքից հետ տված բացատրությունը, որտեղ նա նշել էր՝ «քաղաքացիները պահաջում էին դադարեցնել նշված շինարարությունը եւ փորձում էին ամեն գնով խոչընդոտել այն», եւ խնդրեց բացատրել, ինչու է ինքն իրեն հակասում:
Կարեն Մովսիսյանը կրկին հստակ պատասխան չտվեց, հարցաքննությունը աստիճանաբար վերածվեց վիճաբանության, եւ դատավորը հրահանգեց վկային դահլիճից դուրս գալ:
Կարեն Մովսիսյանը հեռացավ վիրավորված՝ ասելով. «Վկային չեն կանչում դատարան ու վիրավորում, վկային պետք է հարգել»:
Արգիշտի Կիվիրյանը Կարեն Մովսիսյանին հիշեցրեց, «որ չի եկել դատարան մարդկանց կալանավորելու, այլ ցուցմունք տալու»:
Կարեն Մովսիսյանը դատարանի դահլիճ վերադարձավ մի քանի րոպե անց, բայց շարունակեց հարցերին պատասխանել ոչ հստակ, ձայնը բարձրացնելով եւ վիրավորելով:
Ոստիկանը դատարանին հայտնեց, որ ինքն է հրահանգել բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին, եւ հավելեց, որ ինքն է որոշել, թե ոստիկանության որ ստորաբաժանումից քանի ոստիկան գնա դեպքի վայր:
Երբ հարցաքննությունն ավարտվեց Կարեն Մովիսիսյանը հեռացավ՝ ասելով. «Չեմ հավատում, որ ազատ եմ»:
NEWS.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյան ասաց, որ Կարեն Մովսիսյանը մասնագիտացված է կեղծ ցուցմուքներ տալու մեջ։
«Ոստիկանությունը ունի իր այսպես ասած մշտական վկաներին, որոնց պարապացրել է բոլոր վարչական գործերով տալ կեղծ ցումունքներ: Նա տասնյակ, եթե ոչ 100-ից ավելի գործերում ներգրավված է որպես վկա: Մարդու համար դատարան գնալը եւ կեղծ ցուցմունք տալը վերածվել է աշխատանքային պարտականությունների մի մասի»:
Անդրադառնալով դատարանում Մովսիսյանի պահվածքին՝ Կիվիրյանն ասաց. «Այս պահվածըք բխում է նրանից, որ ոստիկանությունը հասել է այն հաբրգածության, լկտիության գագթնակետին, որ խնդիր չունի թաքցնելու իր դեմքը: Այս պարագայում դատարանը պարտավոր էր սանկցիաներ կիրառել»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:




























