ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան)  եւ Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) տարածաշրջան այցի արդյունքում հայտարարություն են տարածել:

Միջնորդներն ավարտել են տարածաշրջանային այցը եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին դիտարկումը: Համանախագահներին ուղեկցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անձնական պատճառներով չէր կարողացել այցելել տարածաշրջան, բայց ամերիկյան կողմը հանդիպումներին ներկայացված էր:

Ադրբեջանում եւ Հայաստանում համանախագահները հանդիպում են ունեցել երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հետ: Կողմերի հետ քննարկվել է այս ամսվա ընթացքում Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման հարցը:

Համանախագահներն անդրադարձել են նաեւ Սոչիում եւ Ուելսում նախագահների հանդիպմանը՝ նշելով, որ ամռանը շփման գծում լարվածության սրացումից հետո իրավիճակը կայունացավ: Միջնորդները հույս են հայտնել, որ հրադադարի խախտման վերջին դեպքերը լարվածության սրացման  չեն հանգեցնի:

Նախագահների հետ հանդիպումներից զատ, միջնորդները դիտարկում են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, հանդիպել երկու կողմերի տեղական իշխանությունների եւ հրամանատարների հետ՝ իրադրության անվտանգության մասին տեղեկություններ քաղելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են արել լարվածության թուլացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել եւ խուսափել բռնությունից, հատկապես՝ քաղաքացիական բնակչության հանդեպ կիրառվող բռնությունից: