Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներին: Պատգամավորը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հետեւյալը. «Այսօր «Վարդաշեն» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպեցի քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին: Մեծ լիցքեր ստացա նրանց հետ շփումներից. բոլոր տղաներն առանց բացառության՝ ամուր կանգնած են քաղաքացիական պայքարի իրենց դիրքերում»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելով։ Մյուս ամբաստանյալները դատապարտվեցին 1,5-ից 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու:




























