Թռիչքի ժամանակ  վթարի ենթարկված թեթեւ մարդատար օդանավում է գտնվել Total նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, 63-ամյա Քրիստոֆ դը Մարժերին, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ վթարի պատճառը ձյուն մաքրող մեքենային օդանավի բախումն է եղել: «Ըստ նախնական տվյալի` թռիչքի ժամանակ օդանավը բախվել է ձյուն մաքրող մեքենային, որը դարձել է արագության կտրուկ նվազման եւ անկման պատճառ», - իր զրուցակցի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Ըստ նախնական տվյալի` զոհվել է 5 մարդ` ուղեւորը եւ անձնակազմի երեք անդամ, ինչպես նաեւ ձյուն մաքրող մեքենայի վարորդը: Ստեղծվել է միջադեպի հանգամանքները քննող հանձնաժողով:

Աղբյուրը նշում է, որ Total-ը աշխարհում խոշորագույն նավթագազային ընկերոթյուններից է:  2008թ.-ից Total-ը դարձել է Գազպրոմի առաջին գործընկերը: Սակայն Արեւմուտքի կողմի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հետո Ռուսաստանում  Total-ի ապագա նախագծերը կասկածի տակ են: