Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ռեժիմի կատարած հանցավոր ոտնձգության վերաբերյալ:

«Հոկտեմբերի 19-ին, ժամը 12-ի սահմաններում, Երեւան քաղաքին հարող ՀՀ մարզերի տարածքում Նախախորհրդարանի կազմակերպած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթի ընթացքում ավտոերթի հետ կապ չունեցող մի քաղաքացի միջադեպ է սադրել ավտոերթի մասնակից Վահրամ Գաբրիելյանի հետ:

Վահրամ Գաբրիելյանը եղել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ավտոմեքենայում է եղել նաեւ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նշված քաղաքացին միջադեպի ավարտին ներկայացել է որպես ոստիկան, լուսանկարել է Վ. Գաբրիելյանի ավտոմեքենան, ինչպես նաեւ ավտոմեքենայում նստած Վ. Գաբրիելյանին եւ Ա. Ենիգոմշյանին ու հեռացել: Այդ քաղաքացին եղել է առանց համազգեստի եւ չի ունեցել իրեն որպես ոստիկանության ծառայողի նույնականացնող որեւէ այլ տարբերանշան:

Միջադեպից ավելի քան յոթ ժամ անց՝ ժամը 19:45-ի սահմաններում, երբ ավտոերթն արդեն ավարտված է եղել, Ալեք Ենիգոմշյանն ու Վահրամ Գաբրիելյանը վերջինիս ավտոմեքենայով վերադարձել են տուն: Նրանք հարեւաններ են: Ճանապարհին՝ Երեւանի Սայաթ-Նովա փողոցի եւ Ֆրանսիական հրապարակի միացման հատվածում՝ լուսացույցի տակ, ոստիկանության քրեական հեռախուզության մի խումբ աշխատակիցներ Ալեք Ենիգոմշյանի կողմից բացել են ավտոմեքենայի դուռը, նրան կոպտորեն քաշքշելով իջեցրել են ավտոմեքենայից եւ թողել փողոցի բանուկ մասում, իսկ Վահրամ Գաբրելյանին իր ավտոմեքենայով բերման են ենթարկել:

Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է եւ չի տեսնում, ոստիկանները նրան՝ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին,դիտավորյալ կերպով դրել են կյանքի համար վտանգավոր վիճակում: Ոստիկանների այս արարքը հանցագործություն է եւ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին:

Այս անմարդկային եւ հանցավոր արարքի եւ դրա հետ կապված հանգամանքները փաստում են այն մասին, որ ռեժիմը նպատակային քայլեր է ձեռնարկում Նախախորհրդարանի գործողությունների դեմ, քանի որ դրանք նախատեսում են համաժողովրդական ճնշման միջոցով  հեռացնել ռեժիմին:

Այդ նպատակով ռեժիմը գործում է մի քանի ուղղությամբ: Մասնավորապես՝ Նախախորհրդարանը ենթարկվում է տեղեկատվական շրջափակման եւ, զուգահեռաբար,՝  ոստիկանության եւ մյուս «իրավապահպան» մարմինների միջոցով փորձ է արվում ճնշում գործադրել, ինչի համարորպես թիրախ ռեժիմն ընտրել է Ալեք Ենիգոմշյանին, որպեսզի նրա  նկատմամբ կատարածի օրինակով ցույց տա, որ բռնությունների հնարավոր թիրախների, ինչպես նաեւ դրանց ձեւերի ու մեթոդների զինանոցի հարցում ինքը կաշկանդված չէ բարոյական եւ իրավական «սահմանափակումներով»  ու պատրաստ է ցանկացած սահմռկելի արարքի:

Այս մասին են վկայում ոչ միայն վերը նշված, այլեւ ստորեւ բերվող հետեւյալ փաստերը.

Ալեք Ենիգոմշյանը հանրահայտ մարդ է, բացի այդ՝ երեկ կեսօրին տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը լուսանկարել է նրան, ուստի ոստիկանությանը հաստատապես հայտնի պետք է լիներ նրա անձը:

Ծպտյալ ոստիկանի եւ Վահրամ Գաբրիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ արդեն քրեական վարույթ է իրականացվում՝ վերջինիս ի սկզբանե մեղավորի կերպարով ներկայացնելու, ինչպես նաեւ փաստերի, այդ թվում՝ նրան բերման ենթարկելու ժամի վերաբերյալ տվյալի, աղավաղմամբ:

Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ կատարած արարքի մասով քրեական գործ հարուցելու փոխարեն ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձի հրամանով ընդամենը ծառայողական քննություն է նշանակում, մինչդեռ կատարվածը ոչ թե կարգապահական խախտում է, այլ քրեական հանցագործություն, որի կատարողները հայտնի են ոստիկանությանը: Հատկանշական է նաեւ, որ տվյալ վայրում տեսախցիկներ կան, բացի այդ՝ այդտեղ մշտապես հերթապահում են ոստիկանության կարգախմբեր:

Նախախորհրդարանը հայտնում է իր վճռականությունը, որ անկախ ռեժիմի անմարդկային ու հանցավոր գործողույթուններից, հետեւողականորեն շարունակելու է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ժողովրդին փողոց հանելու, ռեժիմին հեռացնելու եւ դրանից հետո նոր որակի հայկական պետություն կառուցելու իր ծրագրի իրագործումը: