Արցախի պետական համալսարանում հոկտեմբերի 21-ին գերմաներեն լեզվի կենտրոն է բացվել: Նույն օրը համալսարանում տեղի է ունեցել վաղամեռիկ դասախոս Մարինա Առուստամյանի «Հայոց ցեղասպանության թեման գերմանական եւ ավստրիական գրականություններում» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը:
Գերմաներեն լեզվի կենտրոն ունենալը տարիներ շարունակ երազանք էր: Այսօր այն իրականություն է գերմանացի բարեկամների, Արտաքին գործերի նախարարության եւ համալսարանի շնորհիվ:
Կենտրոնի բացման կապակցությամբ Արցախ էին ժամանել ԳԴՀ Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերան եւ նույն հանրապետության Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսը:
Ռեկտոր Մանուշ Մինասյանն իր խոսքում նշեց, որ կենտրոնը ոչ միայն հաճելի եւ սպասված նվեր է, այլ նաեւ հնարավորություն յուրաքանչյուր արցախցու համար.
«2015թ. աշխարհի տարբեր ծագերում հայ ժողովուրդը պատրաստվում է հիշատակել ցեղասպանության 100-ամյա տարելիցը: ԱրՊՀ-ն անմասն չի մնում եւ Մ.Առուստամյանի «Հայոց ցեղասպանության թեման գերմանական եւ ավստրիական գրականություններում» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը գալիս է վկայելու այդ»:
Հյուրերը տպավորված էին ուսանողների` գերմաներեն լեզվի իմացությամբ, ինչպես նաեւ Մ.Առուստամյանի աշխատությամբ.
«Հրաշալի է, երբ ուսանողները այսքան հմտորեն տիրապետում են գերմաներենին, կենտրոնն էլ ավելի հզոր ազդակ կհանդիսանա լեզվի ուսումնասիրության խորացման, ինչու չէ, Արցախի ձայնը Եվրոպայում հասանելի դարձնելու` հաշվի առնելով նաեւ այն, որ Գերմանիան Եվրախորհրդարանում բավականին ծանրակշիռ տեղ ունի»,- նշեց Սթիվեն Բրայան Ֆերան:
«Գերմանիայում խորհրդարանի դիմաց հուշարձան կա, որ անընդհատ մեր մեղքի մասին է հիշեցնում: Կգա օրը եւ Թուրքիան կընդունի իր մեղքը` կճանաչի դար առաջ կատարած ոճրագործությունն ու սկիզբ կդրվի հայ-թուրքական բարեկամությանը»,- լիահույս էր Մաթիաս Վիլկեսը:




























