Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի նախագծի առաջին փուլի նախագծային աշխատանքներն ավարտվելու են այս տարվա հուլիսին: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի տրասնպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Ըստ նախարարի՝ նախքան շինարարության սկիզբը հայտարարվելու է կապալառու կազմակերպության մրցույթ, իսկ ճանապարհի շինարարությունը նախատեսվում է սկսել 2011թ. մարտ-ապրիլ ամիսներին: Շինարարության առաջին փուլում վերակառուցվելու է Երեւան-Աշտարակ ճանապարհի 18 կմ-անոց հատվածը:
Մանուկ Վարդանյանը նշել է նաեւ, որ դեկտեմբերին Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվելու է 90 մլն դոլար արժեքով վարկային համաձայնագիր ծրագրի երկրորդ փուլի համար: Աշտարակ-Թալին ճանապարհի կառուցում նախատեսող այդ ծրագրի համար Հայաստանի կառավարությունը կհատկացնի 13 մլն դոլար, իսկ մնացած մասը՝ Ասիական Զարգացման բանկը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը ձգվելու է հայ-իրանական սահմանից մինչեւ հայ-վրացական սահմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 1 մլրդ դոլար է։ Դրանից 500 մլն դոլարը վարկի տեսքով ստացվելու է Զարգացման Ասիական բանից, իսկ Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորման կարգով ներդնելու է 460 մլն դոլար։ ԶԱԲ-ը միջոցները հատկացնելու է տրանշներով։
Առաջին փուլի համար հատկացվել է 60 մլն դոլար, որով կվերանորոգվի Երեւան-Աշտարակ մայրուղին։ Կառավարության համաֆինանսավորումը կկազմի 10 մլն դոլար։ Այդ աշխատանքները հավանաբար կսկսվեն 2011 թ. մարտին։ Ըստ Մ. Վարդանյանի՝ նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, շուտով կհայտարարվի կապալառու կազմակերպության մրցույթ։
ԶԱԲ-ը վարկը հատկացնում է 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը 1 տոկոս է, հետագայում այն կկազմի 1,5 տոկոս։


























