Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մասնակցել է բուհ-ում տնտեսաիրավաբանական ֆակուլտետի  հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:  Հանդիսավոր արարողությանը  մասնակցում էր նաեւ Ստեփանակերտ ժամանած  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցչական  պատվիրակությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

ԼՂՀ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը, հյուրերի հետ միասին, նախ, ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմում զոհված ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա բուհի մեծ դահլիճում մասնակցել հանդիսավոր միջոցառմանը:

Միջոցառման մասնակիցներին ուղղած ողջույնի խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ով, մասնավորապես, նշել է, որ երկու բուհերի միջեւ արդեն ձեւավորվել է արդյունավետ համագործակցություն: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հանդիպում տեղի է ունեցել Երեւանում` ՀՊՏ համալսարանում, որին ներկա էր նաեւ ԱրՊՀ խորհրդի նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել փոխադարձ այցելության համար՝ ակնկալելով, որ առաջիկայում այդ համագործակցությունը ավելի կամրապնդվի:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Ա. Հարությունյանը կարեւորել է երկու բուհերի միջեւ ձեւավորվող հարաբերությունները եւ  նշել, որ անցած 25 տարիների ընթացքում ԱրՊՀ շրջանավարտները կարեւոր դերակատարություն են ունեցել եւ հիմա էլ ունեն Արցախի պետականության կայացման գործում: Անդրադառնալով բուհում տնտեսագիտության մասնագիտության հիմնադրման եւ կայացման ուղուն՝ Ա. Հարությունյանը շեշտադրել է հատկապես տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՏ համալսարանի  կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանի դերը: Շնորհակալություն հայտնելով  Յ. Սուվարյանին Արցախի գիտակրթական համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ վարչապետը նրան պարգեւատրել է Արցախի Վարչապետի, իսկ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ համալսարանի «Ոսկե խաչ» հուշամեդալներով:  Ֆակուլտետի կայացման ուղղությամբ ունեցած ներդրման համար ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների  թեկնածու, դոցենտ Միքայել Թավադյանն արժանացել է վարչապետի պատվոգրի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ պարգեւատրության համար՝ Յ. Սուվարյանն իր ելույթում  անդրադարձել է Արցախի տնտեսության զարգացմանն ու գերակա ուղղություններում իրականացվող քաղաքականությանը: Նա բարձր է գնահատել տարեկան 9-10 տոկոս տնտեսական աճի ապահովումը  եւ նշել, որ առաջիկա տարիներին նման տեմպերի պահպանումը հնարավորություն կտա մեծ առաջընթաց ապահովել  Արցախի զարգացման գործում: Տնտեսության զարգացման արդյունավետության բարձրացման համար, սակայն,  Յ. Սուվարյանը մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք վերաբերում էին, մասնավորապես, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը եւ վերամշակող արդյունաբերությանը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Միջոցառման ավարտին ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրմանն ու կայացմանը: