«Anaklia IEP Holding» ընկերությունն արդեն ընտրել է Հայաստանում ՋԷԿ-ի կառուցման վայրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, ընկերության ընտրությունը կանգ է առել երկրի հյուսիսային Վանաձոր քաղաքի քիմկոմբինատի տարածքի վրա:
Նախկինում այդ տարբերակը դիտարկվում էր որպես աշխատանքային, իսկ հիմա ընկերությունը հաստատել է այն: Հարցին, թե ինչ գազ է օգտագործվելու ՋԷԿ-ի համար, ռուսական, թե՞ իրանական, նախարարը պատասխանեց. «Առայժմ չենք որոշել»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի նիստի ժամանակ Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Ջեներալ Էլեկտրիկ»-ի գազային տուրբինների հիման վրա 270 ՄՎտ հզորությամբ 2 էներգաբլոկներից կազմված ջերմակայան կառուցելու մասին՝ «Anaklia IEP Holding» ՍՊԸ-ի հետ համաձայնագիրը: Նախագիծը 600 մլն դոլար է գնահատվում:
Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրեն Թեյմուրազ Կարչավան վրացական լրատվամիջոցներին հայտարարել էր, որ էլեկտրակայանը կառուցվում է վրացական Անակլիա քաղաքի նոր նավամատույցի մատակարարման համար:




























