«Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունը անպայման մի օր բացահայտվելու է, դա վիշտ է, ցավ համայն ազգության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ի զոհերից պատգամավոր Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը:
Նա նշեց, որ թեեւ դատավարությունը ոճրագործությունը թողեց Հունանյան եղբայրների վրա, բայց մինչ օրս մութ է եւ դեռ չգիտենք, թե ովքեր են կանգնած նրանց թիկունքում: «Իրենք մեն-մենակ չէին կարող այդ ոճրագործությունը իրականացնել, Նաիրի Հունանյանին կային համարձակություն ներշնչողներ, պաշտպաններ, որ իրենց մեծ արտոնություններ են տալիս: Տարիներ հետո այս ամեն ինչը լիարժեք կբացահայտվի»,-ասաց Արմենակ Արմենակյանի կինը:
Նա նկատեց, որ եթե հարցը վերաբերում էր իշխանափոխությանը, ինչու ոճրագործները ԱԺ մտան, ոչ թե Կառավարություն: Արմինե Արմենակյանը վստահ է՝ այդ սեւ, դժնդակ օրը կբացահայտվի եւ եթե ոչ ինքը, ապա գոնե իր որդիները, թոռները իրազեկ կլինեն, թե ովքեր են այդ ստահակաները, որ մեկ վայրկյանում մտնելով ամենապահով վայր, 8 ընտանիքին միանգամից որբացրին:
Կինը վստահ է՝ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, մեր երկիրը ավելի բարվոք վիճակում կլիներ: Արմինե Արմենկյանի խոսքով՝ հոկտեմբերի 27-ից ոչ ոք չշահեց, նույնիսկ կազմակերպիչները չշահեցին, որովհետեւ հանցագործությունը մի օր բացահայտվելու է եւ ոչ ոք չի կարող շահել մի բանից, որտեղ անմեղ զոհեր էին:
Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը:




























