Գորիսում երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Սուրիկ Խաչատրյանի մերձավորի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանութունից:
Մեզ հայտնեցին, որ ճանապարհների սառած լինելու պատճառով «Միցսուբիշի» մեքենան հարվածել է «Նիվային», վերջինս էլ՝ էլեկտրասյանը: «Միցսուբիշիի» վարորդը չի տուժել, իսկ «Նիվայի» վարորդ՝ Սուրիկ խաչատրյանի ազգական, թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը կոտրվածքներով գտնվում է հիվանդանոցում, նա առայժմ ի վիճակի չի եղել ցուցմունք տալու: Հայտնի չէ՝ վթարի դեպքով գործ կհարուցվի, թե ոչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսումհոկտեմբերի 26-ի երեկոյան վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանն ասել է, թեր երեկոյան ճանապարհները մի քիչ սառած են եղել, «Նիվան» հարվածել է «Միթսուբիշի» մեքենային: «Նիվան» վարել է մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, իսկ «Միթսուբիշիի» ղեկին 46-ամյա Վահագն Հայրապետյանն էր, ով Գորիսի նախկին անտառնտեսության պետի որդին է: Վթարի հետեւանքով, ոստիկանապետի փոխանցմամբ, Նիկոլայ Աբրահամյանի ծնոտն է ջարդվել, նա տեղափոխվել է հիվանդանոց: Արմեն Հովհաննիսյանը կտրականապես հերքեց Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրանի մասնակցությունը վթարին: «Չէ հա, Տիգրանը ի՞նչ կապ ունի դրա հետ, ես շատ կուզեի, որ Տիգրանը լիներ, բայց ոչ մի Տիգրան էլ չկա»,-ասել է նա:




























