ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետեւանքով զոհված Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի ճշմարտությունը վաղ թե ուշ «ջրի երես դուրս կգա»։

«Ընդամենը մի փոքր ցանկություն, ավելի խորը ցանկություն է պետք, որ կարողանան ի հայտ բերել»,- այսօր՝ Հոկտեմբերի 27-ի 15-րդ տարելիցին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը։

Ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է, Արմեն Սարգսյանն ասաց, որ իր համոզմամբ, կատարվածի մեղավորները միայն դրա համար պատժված անձինք չեն եղել։

Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը: