Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը որեւէ մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելու գրություն չի ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:
«Դա նույնիսկ պրակտիկորեն հնարավոր չէ, քանի որ ԱԱԾ-ն Ազգային անվտանգության խորհրդի ենթակա մարմին չէ, հետեւաբար՝ տվյալ դեպքում ԱԱԾ-ն ինքն է որոշում որեւէ գործի առնչությամբ քրեական գործ հարուցել, թե ոչ»,-ասաց մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է ԱԱԽ աշխատակազմից ԱԱԾ ուղարկված փաստաթղթին, ապա, նրա խոսքով, այնտեղ գրված է, որ ԱԱԽ քարտուղարը ԱԱԾ տնօրենին է ուղարկում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից ԱԱԽ աշխատակազմ ստացված նյութերն՝ ի տնօրինություն: «Ուշադրություն դարձրեք՝ ի տնօրինություն բառի վրա: Այսինքն, ըստ սահմանված եւ ընդունված ընթացակարգի, եթե որեւէ պետական հիմնարկ՝ այդ թվում ԱԱԽ աշխատակազմ, ստացվում են նյութեր՝ նամակ, բողոք, դիմում եւ այլն, եւ, եթե դրանք տվյալ հիմնարկի իրավասության տակ գտնվող հարցեր չեն, ապա դրանք ըստ սահմանված ընթացակարգի ուղարկվում են այն գերատեսչությանը, որն իրավասու է լուծել, ուսումնասիրել, քննել կամ ինչ-որ այլ գործողություն կատարել տվյալ նյութի հետ: Այսինքն` ավելի պարզ ու ակնհայտ չի կարող լինել, որ Արթուր Բաղդասարյանը Սուրեն Գաբրիելյանի դեմ քրեական գործ հարուցելու եւ նրան ձերբակալելու հանգամանքի հետ ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա :Հարցին, թե հոկտեմբերի 30-ին սկսվող դատավարությանը փաստաբան Հակոբ Ճարոյանը մտադիր է միջնորդել Արթուր Բաղդասարյանին կանչել դատարան
Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանի մասով դատական նիստը Վրաստանում կայանալու է նոյեմբերի 20-ին: Հայաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել վրաց իրավապահներին, որպեսզի նրան արտահանձնեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, այն ժամանակվա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գրության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Հակոբ Ճարոյանը՝ հրապարակելով նաեւ փաստաթղթեր:
Նա նշել էր, որ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել՝ նշելով, թե դա ստացել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից, եւ այդ գրության հիման վրա սկսվել էր հետաքննություն, հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում էլ կալանավորվել էր Սուրեն Գաբրիելյանը: Փաստաբանը մտադիր է հենց առաջին դատական նիստին միջնորդություն ներկայացնել եւ Արթուր Բաղդասարյանին դատարան կանչել հարցաքննության:




























