ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին (հայտնի Դոգ մականունով) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն եւ իրենց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ:

Վարդան Ղ.-ի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Ե.-ն պահանջել եւ բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 500.000 ՀՀ դրամ:

Վարդան Ղ.-ին մեղարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: