Հայաստանում «Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրած եղբայրակցություն» անունը կրող նոր աղանդավորական կազմակերպություն է գործում: Այսօր` հոկտեմբերի 28-ին, այս մասին լրագրողներին հայտնեցին «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահներ Դանիել Պետրոսյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին հայտնել է իր դիրքորոշումը, ըստ որի`կազմակերպությունը փորձում է գործել իր անվան տակ, որպեսզի շփոթեցնի իր հետեւորդներին:
«Սկզբից երբ լսում ենք Հայ առաքելական եկեղեցի, մտածում ենք` մեր եկեղեցու ինչ-որ կազմակերպություն է կամ ստեղծված կառույց, սակայն Հայ առաքելական եկեղեցին ասում է, որ նրանք ընդհանրապես կապ չունեն իրենց հետ: Եթե նրանք Հայ առաքելական եկեղեցու կառույց լինեին, կգործեին Հայ առաքելական եկեղեցում, ոչ թե հավաքներ կանեին տարբեր տներում եւ մշակույթի պալատներում: Եթե Հայ առաքելական եկեղեցու ինչ-որ ճյուղ ներկայացնեին, քարոզիչները կին չէին լինի»,- ասաց Դանիել Պետրոսյանը:
ՄԵԼ-ի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով`աղանդի հովիվը եւ մնացած քարոզիչները բոլորին խաբում են, թե իբր իրենք Հայ առաքելական եկեղեցին են ներկայացնում:
«Ասում են, թե Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունն են քարոզում, բայց եթե նույն դավանաբանությունն են քարոզում, դա կարող են անել հենց մեր եկեղեցու ներսում, ոչ թե ինչ-որ անջատված վայրում` մարդկանց անջատելով եկեղեցուց»,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը:
Դանիել Պետրոսյանի խոսքով` «Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրած եղբայրակցություն» աղանդը ձեւավորվել է Ղարաբաղում 1988թ. եւ մեծ տարածում է գտել Հայաստանով մեկ` կրոնական քարոզներ անցկացնելով անչափահասների հետ, ինչն անթույլատրելի է օրենքով:
«Նրանք, ստեղծվելով եւ գործունեություն ծավալելով Ղարաբաղում, 90-ականների պատերազմից հետո կարողացել են մեծ թափ առնել եւ Հայ առաքելական եկեղեցու անվան տակ հավաքել հետեւորդներ»,- ասաց ՄԵԼ-ի համանախագահ Դանիել Պետրոսյանը:
Նրանց խոսքով`«Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրած եղբայրակցություն» կրոնական կազմակերպությունը կառույցներ ունի Երեւանում, Մասիսում, Ապարանում, Իջեւանում, Դիլիջանում: Երեւանում հավաքներ են անցկացվում չորեքշաբթի եւ կիրակի օրերին Շենգավիթ համայնքի այգիներից մեկի շինությունում։
Ըստ ՄԵԼ տեղեկության՝ հավաքներին մասնակցում են 300-ից ավելի անդամներ, որոնք բերվում են ՀՀ տարբեր մարզերից:
«Հավաքի ժամանակ միկրոավտոբուսներով տարբեր շրջաններից բերում են բազմաթիվ հետեւորդներ, որոնք ծիծաղելի վկայություններ են տալիս Հիսուսի, Աստծո գոյության մասին` ասելով «Մի հիվանդ ընկեր ունեինք, բոլորս աղոթեցինք, եւ նա լավացավ»,- նշեց Դանիել Պետրոսյանը:




























