«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեմ բողոքող քաղաքացիները առայժմ բողոքի նոր ակցիաներ չեն կազմակերպի. նրանք սպասում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից օրենքի փոփոխությունների վերամշակված նախագծին: Այս մասին մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց օրենքի փոփոխման դեմ պայքարող Տաթեւիկ Դավթյանը, որը երեկ հոկտեմեբրի 27-ին, մասնակցել էր օրենքի նախագծի խորհրդարանական լսումներին:
«Երեկվա քննարկման ամփոփիչ խոսքն այն էր, որ մեր առաջարկները եւս պետք է հաշվի առնվեն: Բայց հաշվի կառնեն, թե չեն առնի, չեմ կարող ասել: Արտեմ Ասատրյանն ասաց, որ դա դեռեւս նախագիծ է, եւ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի այնպիսի լուծում գտնեն, որն ընդունելի կլինի բոլորի համար»,- նշեց Տաթեւիկ Դավթյանը, որը հղիության 3-րդ ամսում է եւ աշխատում է:
Տաթեւիկ Դավթյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են առաջիկա օրերին մեկ անգամ եւս նամակով դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
«Եւս մեկ անգամ մեր պահանջը կուղարկենք նախարարին՝ հստակ ձեւակերպելով մեր պահանջները: Դա կլինի վերջնական դիրքորոշում եւ վերջնական հիշեցում այն մասին, որ մենք աշխատող կանանց համար պահանջում ենք մինչծննդաբերական և հետծննդաբերական շրջանի անաշխատունակության 100 տոկոս փոխհատուցում: Թող կառավարությունն իր խնդիրը լուծելու համար գտնի այնպիսի մեթոդներ, որոնք չեն ոտնահարի մեր շահերը»,- ասաց Տաթեւիկ Դավթյանը՝ վստահեցնելով, որ իրենք շարունակելու են մասնակցել հանրային քննարկումներին, եւ թույլ չեն տա, որ փոխհատուցման գումարը կրճատվի:
Նշենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը, դրվում է միջին աշխատավարձի վերին շեմ, որից հաշվարկվելու է մայրության նպաստը, կրճատվում է երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայում վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը): Կառավարությունը փոփոխությունները հիմնավորում է այդ գումարների հաշվին չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ։




























