Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 29-ին, սկսվեց պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար մեղադրվող Նիկոլայ Իվանյանի դատավարությունը։
Դատական նիստի ժամանակ պարզվեց, որ Նիկոլայ Իվանյանը ռուսալեզու է, եւ հայերենի հետ խնդիրներ ունի, մինչդեռ գործի նախաքննությանը թարգմանիչ ներգրավված չի եղել:
«Շատ վատ եմ կարդում, գրում հայերեն, բայց խոսակցականը շատ լավ հասկանում եմ, պետք չի ձգձգել: Քննչական բաժնում ինձ թարգմանիչ առաջարկեցին, բայց ասացին, որ ես պիտի վճարեմ, ես էլ հրաժարվեցի, քանի որ միջոցներ չունեմ», - ասաց ամբաստանյալը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց, որ ամբաստանյալի համար դատավարական գործընթացին ներգրավել թարգմանիչ ՀՀ պետբյուջեի հաշվին:
«Քրեական դատավարությունը եւ դատական քննությունը իրականացվելու են հայերեն: Հնարավոր է՝ դուք իրավաբանական տերմինները չհասկանաք: Այստեղ իրավաբանական տերմիններ են լինելու, հո շոու չի՞»,- ասաց դատավորը:
Թարգմանչի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց: Գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 17-ին:
Նշենք, որ Նիկոլայ Իվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով ձեռք է բերել պոռնկագրական նյութեր պարունակող 17 հատ «Sublie M 5», «DEBAUCHES», «Fantastic», «WXTAZE» «EXTASY» տպագիր հրատարակություն հանդիսացող ամսագրեր, որոցում կոպիտ, գռեհիկ, նատուրալիստական ձևով մանրակրկիտորեն ցույց են տրվում սեռական ակտի անատոմիական, ֆիզիոլոգիական մանրամասները, իսկ այդ ամսագրերից մեկը առևտուր կատարելու եղանակով 2014թ. հունիսի 7-ին ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Վերնիսաժ» տոնավաճառում ապօրինի տարածել է` վաճառել է Վաչագան Խաչատրյանին:





























