ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») միջին մարմնական վնասվածք պատճառելու գործով քննիչը քննչական փորձարարություն չի կատարել, որպեսզի հիմնավորեր, արդյոք Արթուր Զադոյանի կողմից սպառնալիքներ հնչել են, եւ արդյոք իրական վտանգ եղել է Զադոյանի կողմից Կարո Կարապետյանի կյանքի նկատմամբ։ Այս մասին այսօր հոկտեմբերի 29-ին, լրագրողներին ասաց ամբաստանյալ Արթուր Զադոյանի փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը։
«Քննիչը համոզվել է , որ ոչ մի պարագայում գուլպայի մեջ դրված վիճակում զենքը չի մնում, դրա համար էլ փորձարարություն չի արել։ Չէր կարող Զադոյանը տասը րոպե վազել, վիճել քաշքշվել, եւ զենքը մնար գուլպայի մեջ»,-ասաց փստաբանը՝ նշելով, որ դեպքի վայրից երեք զենք է հայտնաբերվել, որոնցից ոչ մեկը Արթուր Զադոյանին չի պատկանում, ընդ որում՝ զենքերից մեկն էլ ապօրինի է եղել։
Սուսաննա Սարգսյանի խոսքով՝ նույնիսկ դեպքի օրը Զադոյանի հագին եղած գուլպաները չեն առգրավվել, այսինքն՝ նախաքննական մարմնի կողմից փորձարարություն անցկացնելն արդեն անհնարին է եղել։
Փաստաբանը նշեց, որ գործը 5 տարի կասեցված է եղել, սակայն իրենց բողոքների արդյունքում վերաբացվելուց հետո եւս երկու հոդված են առաջադրել իր պաշտպանյալին՝ ապօրինի զենք զինամթերք կրելը եւ կյանքին սպառնալիք տալը։ Երկու նոր հոդվածն էլ, ըստ փաստաբանի, գործի նյութերով այդպես էլ չեն ապացուցվել։
Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրում գտնված վկաները «անգիր արած» ցուցմունքներ էին դատարանում տալիս, սակայն վրիպում էին. «Վկա Մովսիսյանը ասաց, որ երեք կրակոց է լսել, դատախազի եւ փաստաբանի հարցերով հիշեց, որ չորս կրակոց է եղել»։
Սուսաննա Սարգսյանը նաեւ նշեց, որ դեպքի վայրի զննության արձանագրությունից բացակայում են ավտոմեքենայի ներսում արված նկարները, նաեւ մեքենայի համարները, իսկ հեռախոսազրույցների վերծանումները կիսատ են։
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։




























