Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների եւ ազդակիր համայնքների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է ունեցել մարզի բնապահպանական խնդիրների, ինչպես նաեւ հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների գործունեության վերաբերյալ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ քննարկվել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա եւ առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաեւ ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Մելիքգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ունի չվճարված աշխատավարձերի պարտքեր:

Տեղում ծանոթանալով իրավիճակին` նախարար Արամայիս Գրիգորյանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ ներկայացուցչի հետ զրույցում ընդգծել է. «Մենք ողջունում ենք մեր երկրում կատարվող ներդրումները եւ աշխատատեղերի ավելացման հեռանկարները, մենք կողմնակից ենք պատասխանատու եւ շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազ ազդեցություն ունեցող հանքարդյունաբերությանը եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով կատարի իր կողմից ստանձնած բնապահպանական եւ սոցիալական բոլոր պարտավորությունները»:

Քննարկվել է հանքավայրի եւ պոչամբարի հարակից տարածքով հոսող գետի էկոլոգիական վիճակի հարցը, ինչի հետ կապված նախարարը հանձնարարել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ եւ կատարել ջրի հետազոտություն:

Անդրադարձ է եղել նաեւ մարզի օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների հարցերին:

Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ նախարարությունը հետեւողական է լինելու ընդերքօգտագործող ընկերությունների՝ օրենքով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարման հարցում: