Երեւանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված հերթական նիստում քվեարկությամբ հավանություն է տվել բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մնացական Թարյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կարապետյանի, ինչպես նաեւ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները որոշ վերապահումներ ունեին օրակարգի Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին որոշման նախագծի հետ կապված, ինչի առնչությամբ նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը սպառիչ պարզաբանումներ ներկայացրեց, որից հետո ավագանին քվեարկությամբ հավանություն տվեց հայ մեծանուն պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երեւան քաղաքի Նալբանդյան - Արամի - Բուզանդի - Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը:
Երեւանի ավագանին հաստատել է նաեւ Երեւանի եւ ՌԴ Նովոսիբիրսկ եւ Կրասնոդար քաղաքների միջեւ կնքված փոխգործակցության եւ համագործակցության մասին համաձայնագրերը:
Ավագանու հավանությանն են արժանացել նաեւ օրակարգում ընդգրկված բնակարանների անհատույց օտարման, ինչպես նաեւ հողամասերի գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ հարցերը:
Նիստի ավարտին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ վարչական շրջանների պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Որոշվել է Երեւանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել նոյեմբերի 26-ին:




























