Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հոկտեմբերի 30-ին բողոքի ակցիա է կազմակերպում՝ «Այլեւս ոչ մի նոր հանք Հայաստանում» կարգախոսով:
Ճակատի տարածած հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ օտարերկրյա տարբեր ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: Հիմա էլ բրիտանական օֆշորային գոտիներից մեկում գրանցված Լիդիան Ինթերնեյշնալ ընկերությունն է փորձում ամեն կերպ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչի փիար ակցիաների շրջանակներում կազմակերպում է տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ կոնֆերանսներ:
Հանքարդյունաբերողներն արդեն հմտացել են տարբեր միջոցառումներ կազմակերպելու միջոցով հանրության աչքին թոզ փչելու մեջ: Հերթական շոու-ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ից 18:00, Հայաթ Պլեյս Հյուրանոցում (Վազգեն Սարգսյան փող. 26/1), որտեղ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակը (ԿՏԲԿ), Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» շրջանակներում կազմակերպում է Լիդիան Ինթերնեյշնալի եւ Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից մշակված Ամուլսար ծրագրի նախնական Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման զեկույցի քննարկումը, որը պատրաստվել է ծրագրի ներկա (IFC եւ EBRD) եւ հնարավոր ֆինանասավորող կազմակերպությունների պահանջներին (Equator Principle Financial Institution) համապատասխան:
Տարբեր մասնագետների եւ հանրության ներկայացուցիչների կողմից բազմիցս խոսվել է Ամուլսարի ծրագրի մասին, հիմնավորվել, թե ինչ բնապահպանական, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ նաեւ սոցիալական ու ռազմավարական աղետների այն կարող է հանգեցնել, սակայն մեզ անհայտ պատճառներով այս ծրագիրը համառությամբ փորձում են կյանքի կոչել: Կներկայացվեն նաեւ հանքարդյունաբերական ոլորտի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:
Ուստի, հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:30, հավաքվում ենք Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց եւ շարժվում դեպի Հայաթ Պլեյս Հյուրանոց: Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ընդդեմ նոր եւ կործանարար հանքարդյունաբերական ծրագրերի:
Միջոցառման ֆեյսբուքյան հղումը այստեղ:




























