«Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանին հայհոյած ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը եւ Նորայր Հայրապետյանը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցանկություն հայտնեցին, որպեսզի դատական գործը քննվի արագացված կարգով:
Դատավոր Սամվել Ուզունյանը հետաձգեց նիստը, որպեսզի քննությանը ներգրավվի հանրային պաշտպան, քանի որ դատարանը կարող է կիրառել դատական քննության արագացված կարգ միայն երբ ամբաստանյալն ունի պաշտպան եւ որոշումը կայացրել է պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:
Տեղեկացնենք, որ արագացված դատական քննության դեպքում ամբաստանյալների նկատմամբ նշանակվում է օրենքով նախատեսված պատժի առավելագույն չափի երկու երրորդից ոչ ավելին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արդեն երրորդ դատական նիստն է, ինչ դատարան չի ներկայանում տուժող Տիգրան Եգորյանը: Փաստաբանն այսօր դատարան միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի իր բացակայությունը դատարանը համարի հարգելի եւ նիստը շարունակի իր բացակայությամբ, քանի որ նա նույն ժամին մեկ այլ նիստի էր մասնակցում:
Փաստաբանի դատարան չներկայանալը դուր չեկավ դատավորին եւ դատախազին: Դատախազը դատավորին խնդրեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի տուժողը ներկայանա դատարան, անհրաժեշտության դեպքում բերման ենթակվի, քանի որ դատավարական կարգի խախտման վտանգ կա: Դատավորը, սակայն, նման որոշում չկայացրեց:
Այսօրվա նիստին դատարան էր եկել միայն Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:
NEWS.am-ի հետ զրույցում տիկին Նունեն ասաց, որ իրենք այլեւս արդար վճիռ չեն ակնակալում:
«Տղերքին 12 տարի անմեղ տեղը դատապարտեցին, էլ ո՞ւմ ա հետաքրքիր էս երկու ամիսը: Մեզ էլ ես դատը հետաքրքիր չի, թող տղերքին իրենց արածի չափով դատապարտեին, ոչ թե ասեին՝ իրար լրացնելով միասնական դիտավորությամբ հանցանք են կատարել: Հանցանքը դատախազ Մարուխյանն ա կատարել, որ ամբողջ դատի ժամանակ կալկուլյատրով խաղաց ու վեր կացավ 13 տարի պահանջեց»,- բորբոքված ասաց Նունե Մարգարյանը:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին:
Նշենք, որ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ խաթարել են դատարանի բնականոն գործունեությունը եւ նշված քրեական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: 2014թ մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր վեց մեղադրյալներին առաջին ատյանի դատարանը դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի։




























