«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն»-ի եւ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Գործարար կառավարում» թեմայով 4-ամսյա ուսումնական ծրագիրը: Նպատակն է՝ աջակցել դասընթացի մասնակիցներին տիրապետել շուկայագիտության, ֆինանսների եւ կառավարման բիզնես հիմունքներին` ամրապնդելով իրենց ռազմավարական մտածողության հմտությունները:
ՀՀ ՖՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Լեւոն Բարխուդարյանի խոսքով` ուսումնական կենտրոնի եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի գործակցությունը սկիզբ է դրվել դեռեւս անցած տարվանից ստորագրված համագործակցության համաձայնագրով, որով նախատեսվում է համատեղ իրականացնել ուսումնական ծրագրեր, գիտահետազոտական աշխատանքներ, անցկացնել գիտաժողովներ եւ կոնֆերանսներ:
«Այս քայլով ուսումնական գործընթացներում նոր մշակույթ է ձեւավորում` հնարավորություն ընձեռելով ոչ միայն համակարգի աշխատակիցներին, այլեւ բիզնեսի ներկայացուցիչներին ձեռքբերել նաեւ միջազգային որակի կրթություն եւ այն հաջողությամբ կիրառել առօրյա աշխատանքում: Դասընթացում ներառված են ինչպես գործարար կառավարման խտացրած ծրագրեր, այնպես էլ հարկային, մաքսային վարչարարության նորույթներ, որոնք կօգնեն ընդլայնել մասնակիցների բիզնես գիտելիքներն ու հմտությունները եւ կնպաստեն բիզնեսի առավել արդյունավետ կառավարմանը»,–ասել է նա։
Ըստ ՀԱՀ դասախոս Արփի Բալյանի, կրթական ծրագիրը մշակված է բացառապես երկու կառույցների համագործակցության շրջանակում. «Ֆինանսների նախարարության գաղափարն է` մշակել այնպիսի կարճաժամկետ ուսումնական ծրագիր, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին ձեռք բերել ավելի շատ կիրառական գիտելիքներ եւ ծանոթանալ միջազգային բիզնես նորարարություններին»:
Ծրագիրն հաջողությամբ ավարտողներին Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի կողմից կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: Ի դեպ, շնորհիվ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցության, զգալի նվազել է ամսական վճարը:




























