Հռոմի գլադիատորները հիմնականում բուսակեր են եղել եւ մարզումներից հետո փայտամոխրով ըմպելիք են խմել՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց: Այս մասին են վկայում Հռոմի Ասիա նահանգի (ժամանակակից Թուրքիա) մայրաքաղաքի տարածքում հայտնաբերված գլադիատորների կմախքների ուսումնասիրությունները:

Գլադիատորների կմախքները թվագրվում են մ. թ. II եւ III դարերով: Մարդաբանական հետազոտությունն անցկացրել են Վիեննայի բժշկական համալսարանի դատաբժշկության ամբիոնի եւ Բեռնի համալսարանին առընթեր դատաբժշկության ինստիտուտի  Մարդաբանության ամբիոնի մասնագետները:

 Ընդհանուր առմամբ մարդաբաններն ուսումնասիրել են 53 մարդու կմախք, այդ թվում` 22 գլադիատորի: Մասնագետները վերլուծել են ոսկորների բաղադրությունը, փոխանցում է «Գիտություն եւ կյանք» ամսագիրը:

Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ գլադիատորները հիմնականում բուսակեր են եղել: Դա համապատասխանում է գրավոր վկայություններին, որոնցում այդ մարտիկներին  անվանել են  «գարի ուտողներ»: Ժամանակակիցները գրել են, որ գլադիատորների սննդակարգը հատիկավոր ընդեղենից եւ հացահատիկներից է բաղկացած եղել: 

Ընդ որում, գլադիատորների առավելապես բուսական սննդակարգի եւ «սովորական բնակիչների» սննդակարգի միջեւ տարբերություն գրեթե չկա:  Հիմնականում սննդի մեջ օգտագործել են հացահատիկավորներ, իսկ միսը բացակայել է: Հավանաբար,  «գարի ուտողներ» արտահայտությունը նշանակել է, որ գլադիատորները սննդակարգում ցածրորակ հացահատիկ են օգտագործել:

«Սովորական սերնդի» եւ գլադիատորների միջեւ տարբերությունը զգալի է նրանց ոսկորներում ստրոնցիումի ծավալի տեսանկյունից: Այդ ցուցանիշը ցույց է տալիս, որ մարտիկները կյանքի ընթացքում ավելի շատ կալցիում են ստացել:  Հավանաբար, դա փայտամոխրից պատրաստված ըմպելիք է եղել, որի մասին նույնպես  նշումներ կան գրավոր վկայություններում:

Հետազոտողները նաեւ հուսով են, որ իրենց կհաջողվի պարզել գլադիատորների ծագումը: Մարտիկները ծագումով եղել են կայսրության տարբեր անկյուններից: