Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, վաղ առավոտյան եկել է կառավարություն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկելու գյուղի ջրի խնդիրը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու այս հարցը: Նրա խոսքով՝ այս պահին, համենայն դեպս, ջրի խնդիրը գյուղում չի լուծվել:
Նշենք, որ գյուղի բնակիչները մարզպետ Սարգիս Սահակյանին են մեղադրում իրենց գյուղում խմելու ջրի չլուծվող խնդրի եւ հարեւան Շղարշիկ գյուղի հետ ջրի պատճառով առաջացած թշնամանքի համար։ Բնակիչները նոյեմբերի 6-ին փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ պահանջելով խնդրի լուծում:
Արագածոտնի մարզպետարանից սակայն NEWS.am-ին հայտնեցին, որ հարցի լուծումն ընթացքի մեջ է, խմելու ջուրը հավասարապես պետք է բաշխվի Եղնիկի եւ Շղարշիկի միջեւ:
«Կառավարության եւ նախագահի ուշադրության կենտրոնում է հարցը, սակայն ժամանակ պահանջող հարց է»,- ասաց մարզպետարանի մամուլի պատասխանատու Սաթենիկ Զորյանը:
Նշենք, որ Եղնիկի բնակիչները սպառնում են կրկին փակել մայրուղին, եթե խնդիրը մոտ ապագայում վերջնականապես չլուծվի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























