Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ Աշոտ Խաչատրյանը պրոռեկտորի պաշտոնից ազատվել է գիտխորհրդի որոշմամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
«Նոյեմբերի 7-ին գիտխորհուրդն է որոշել պրոռեկտորի պաշտոնից ազատել Աշոտ Խաչատրյանին: Հաստիքն է կրճատվել, մեզ մոտ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար տարբեր հաստիքներ են կրճատվել, մոտ 20 հաստիք այս ձեւով կրճատվել է»,- ասաց Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ Աշոտ Խաչատրյանը շարունակում է դասախոսել, նրան նույնիսկ առաջարկվել է դառնալ հիմնական դասախոս-պրոֆեսոր:
Նշենք, որ Աշոտ Խաչատրյանի քրոջ որդին՝ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության արդեն նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը NEWS.am-ին ասել էր, որ նման կերպ ռեկտորը հաշվեհարդար է տեսնում Աշոտ Խաչատրյանի հետ:
«Ռեկտորն ակնկալում էր, որ Խաչատրյան Աշոտը պետք է ինձ կանչի, ասի` տղես, մի տուր իրանց դատախազություն, բայց Խաչատրյան Աշոտը դա չարեց, ինքը փայլուն հասկանում էր, որ իմ անվտանգության խնդիրն ա, մտել են իմ աշխատասենյակ, փորձում են իմ դեմ գործ սարքեն»,-նշել էր Խոեցյանը՝ պնդելով, որ ռեկտորը Աշոտ Խաչատրյանին նույնպես օրենքի խախտմամբ է ազատել երկու պաշտոններից:



























