ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական եւ խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը: Այս մասին նշել է ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունը, ըստ որի «ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ»:
Ուրիխանյանի մեկնաբանությունում ասվում է.
«Մենք ողջունում ենք ՀԱԿ-ի մեր գործընկերների դրական մոտեցումները համաժողովրդական նոր շարժման տարածքային շտաբների ձեւավորման աշխատանքների վերաբերյալ: ԲՀԿ-ն վերահաստատում է մեր երկրում արմատական եւ խորքային փոփոխություններ իրականացնելու վճռականությունը:
ԲՀԿ-ն շարժմանը համաժողովրդական եւ առավել ընդգրկուն տեսք տալու նպատակով պատրաստ է հրապարակային խոշոր միջոցառումների թե՛ մարզերում, թե՛ Երեւան քաղաքում, այդ թվում՝ նաեւ վճռական գործողությունների Ազատության հրապարակում` ճիշտ պահին:
Միեւնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի եւ մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում եւ ցանկացած պահին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշել է.
«Միասնական գրասենյակների ձեւավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։
Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»:
ՀԱԿ-ը պահանջում է չթուլացնել հանրահավաքային պայքարը




























