Քանի դեռ եռյակի ուժերը միմյանց նկատմամբ չունեն իրավական պարտավորվածություններ, յուրաքանչյուրը գործելու է ինքնուրույն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Նա նշեց, որ եթե ուժերից մեկը գտնում է, որ մյուսի գործունեությունը իրեն կաշկանդում է, ոչինչ չի խանգարում հայտարարել, որ ինքն այսուհետ ամբողջովին մենակ է իրականացնելու իր գործունեությունը: Դրա ժամանակը, սակայն, ըստ քաղտեխնոլոգի, դեռ չի հասունացել:
Արմեն Բադալյանը շեշտեց, որ եռյակի անդամները եռյակը միմյանց նկատմամբ չունեն իրավական պարտավորություն գործողությունները միմյանց հետ համաձայնեցնելու համար, նրանք կարող են տեսակետներ հնչեցնել, գործողություններ անել՝ չհամաձայնեցնելով եռյակի մյուս անդամների հետ, եռյակը ընդամենը նույն ճանապարհով գնացող գործընկերներ են, որոնք չունեն պարտավորվածություն: «Քանի դեռ չկան փաստաթղթավորված հարաբերություններ, յուրաքանչյուրն ազատ է իր գործողությունները ինքնուրույն ծրագրել եւ իրականցնել, եռյակը կուսակցություն չէ, մեկը մյուսին քննադատելը, հանդիմանելը, բացահայտ հաշիվներ ներկայացնելը շատ նորմալ կարելի է դիտել, դա չի կարող ունենալ իրավական կամ քաղաքական հետեւանքներ, որովհետեւ դա ընդամենը դե ֆակտո դաշինք է»,-ասաց Արմեն Բադալյանը:
Այնուհանդերձ, քաղտեխնոլոգը ընդունում է, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մարտավարական տարաձայնություններ կան, մեկը հարմար է գտնում շտաբեր բացել, մյուսը կողմնակից է անընդհատ Ազատության հրապարակում հանրահավաքներ անելուն:
Նա նշեց, որ դատելով նախորդ տարիներից, օրինակ՝ 2008թ մարտի 1-ի դեպքերից, կարելի է եզրակացնել, որ հանրահավաքները երբեք ինքնանպատակ չպետք է լինեն, ՀԱԿ-ը ամիսը երեք անգամ հանրահավաք էր անում եւ ի վերջո արդյունքում ոչ մի բանի էլ չհասավ, իշխող կուսակցությունը կարողացավ հավաքել այնքան ձայն, ինչքան ցանկանում էր:
«Մի բան պետք է հասկանալ՝ հանրահավաքով չես իշխանափոխություն անում, հանրահավաքները իշխանափոխության գործընթացի մի բաղադրիչն են հանդիսանում: Իսկ իշխանափոխության խնդիրը Հայաստանում չի որոշվում, իշխանափոխությունը ունի իր սխեման, կանես ներդրում, կմոբիլիզացնես հասարակությանը՝ ցույց տալով, որ ազդեցիկ ուժ ես, այդ դեպքում ՀՀ-ի նկատմամբ շահագրգռված երկրները մասնավորապես՝ ՌԴ-ն, ուզի թե չուզի, քեզ հետ բանակցային գործընթաց կսկսվի, ինչը բավական երկար կտեւի: Իսկ հասարակությանը մոբիլիզացնելու համար եւս երկար ժամանակ է պետք»,-ասաց Արմեն Բադալյանը:
Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ:




























