Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը, կարծես պետական գաղտնիք լինի, չեն տրամադրում: Այս մասին Երեւանի քաղաքապետին ուղղված նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Նախորդ երեք ամսում Ձեզ ուղղված իմ մի քանի հարցումներին ի պատասխան այն մասին, թե ըստ վարչական շրջանների ո՞ր մանկապարտեզում քանի՞ երեխա է հերթագրված, այդպես էլ պատասխան չեմ ստանում, որովհետեւ ասում են, որ ստույգ թիվը հայտնի չէ: Իմ որեւէ նամակում ես հերթագրված երեխաների ստույգ թիվը չեմ խնդրել:
Ունեմ փաստաթուղթ, որից երեւում է, թե 2014 թվականին Երեւանի թվով 10 մանկապարտեզներում եւ 3 դպրոցներում նախադպրոցական տարիքի քանի երեխա է ընդգրկվելու նոր բացված խմբերում:
Ձեռքիս տակ է նաեւ Ձեր ստորագրությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մանկապարտեզ ընդունվող երեխաների կանխատեսելի թիվը՝ ըստ վարչական շրջանների: Այսինքն ենթադրում եմ, որ Երեւանի մանկապարտեզներում հերթագրված երեխաների թիվը պակասելու է:
Հետեւաբար, ինչո՞վ է պայմանավորված նոր ուսումնական տարում ըստ Երեւանի մանկապարտեզների հերթագրված երեխաների ուսումնասիրության արդյունքները թաքցնելը, եթե իհարկե այն կա:
Եթե չկա, ապա խնդրում եմ Երեւանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նոր-Նորք, Դավթաշեն, Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներից պահանջել ըստ յուրաքանչյուր վարչական շրջանի` մանկապարտեզներում հերթագրված երեխաների թվի մասին քաղաքապետարանի աշխատակազմին տրամադրվելիք տեղեկությունները»:



























